|
3 Մայիսի, 2009
Դեսպան Մարի Յովանովիչի ելույթը մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ:
Երեկ, մայիսի 3-ին, միջազգային հանրությունը նշեց Մամուլի ազատության համաշխարհային օրը: Այս կարևոր առիթով Միացյալ Նահանգների կառավարությունն ամեն տարի անդրադառնում է այն նշանակալի դերակատարմանը, որ ազատ ԶԼՄ-ներն ունեն ժողովրդավարության կայացման ասպարեզում ու տուրք է տալիս այն զոհողություններին, որ կատարվում են հանուն անկախ ԶԼՄ-ների կայացման Հայաստանում և ողջ աշխարհում:
Մամուլի ազատությունն ամուր քաղաքացիական հասարակության, առողջ ժողովրդավարության և կոռուպցիայի դեմ հաջող պայքարի անբաժանելի մասն է կազմում: Անկախ ԶԼՄ-ներն իրազեկում ու կրթում են հասարակությանը և հանդիսանում են զսպող գործոն իշխանության ու իշխանության չարաշահման հարցում: ԶԼՄ-ները լրացուցիչ աչքեր ու ականջներ են, որ կարող են վերհանել խնդիրներն այնպիսի ուղիներով, որոնք ոստիկանության քննիչների կամ դատախազների համար հասանելի չեն, և կարևոր միջոց են պետական այրերի համար` իմանալու, թե իրենց ենթականերն ինչքան լավ կամ ինչքան վատ են աշխատում հակակոռուպցիոն օրակարգի իրականացման ուղղությամբ: Քաղաքացիները պետք է ունենան ինքնաարտահայտվելու, այլընտրանքային գաղափարների շուրջ բանավիճելու, ենթադրությունները վիճարկելու հնարավորություն: Պետությունից անկախ ԶԼՄ-ները խաղաղ ինքնաարտահայտման ու գաղափարների մրցակցության հնարավորություն են տալիս, որով էլ հենց պայմանավորված է ժողովրդավարությունը: Ամեն տարի Մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով վերահաստատվում է ժողովրդավարության հարցում ԶԼՄ-ների ունեցած դերակատարումը և ի ցույց է դրվում մամուլի ազատության ու մարդու բոլոր իրավունքների հիմնարար կապը:
Հայաստանի և տարածաշրջանի համար այս կարևորագույն պահին թե Հայաստանի իշխանությունները, թե ԶԼՄ-ներում աշխատող անձինք պետք է պատասխանատվություն ստանձնեն ձևավորելու ազատ, արդարացի, անկախ ու պատասխանատու լրատվական գործունեություն: Եթերում բազմակարծության, այդ թվում ընդդիմության, ինչպես նաև կոալիցիոն թեկնածուների վերաբերյալ պատասխանատու լուսաբանումների և բոլոր հարցերի շուրջ բաց բանավեճի ապահովման միջոցով քաղաքացիները կստանան այն տեղեկությունները, որ անհրաժեշտ են կատարելու հնարավորինս լավագույն ժողովրդավարական ընտրությունը: Ազատ մամուլը դա աշխույժ բանավեճի միջոցով բոլոր կողմերին արդարացիորեն ներկայացնող ռադիոհեռուստատեսային ընկերություններն են և լրագրերը, որոնցում հրապարակվում են հոդվածներ, որոնք չեն բխում իրենց ֆինանսական հովանավորների քաղաքական շահերից: Վերջերս որոշ առաջընթաց է գրանցվել, մասնավորապես` հեռուստաեթերում ներկայացվում են քաղաքական դաշտի տարբեր կողմերում գտնվող քաղաքական գործիչներ: Կարևոր է, որ այս առաջընթացը շարունակվի: Միացյալ Նահանգները կշարունակի աշխատել Հայաստանի հետ` ազատ և անկախ մամուլի կայացման ուղղությամբ:
Մամուլի ազատության համաշխարհային օրը ես ուզում եմ իմ գոհունակությունը հայտնել Հայաստանի ԶԼՄ-ներին` երկրի ժողովրդավարայնացման հարցում էական ներդրման համար: Միաժամանակ կոչ եմ անում կառավարությանը, ԶԼՄ-ներին ու Հայաստանի ժողովրդին ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը հզորացնելու անկախ մամուլը` ի նպաստ ազատության և ժողովրդավարության:
Մարի Լ. Յովանովիչ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
|
 Դեսպան Յովանովիչի ելույթը |
|
|