|

| EMBASSY OF THE UNITED STATES OF AMERICA |
| NEWS RELEASE |
|
1 AMERICAN AVENUE YEREVAN, ARMENIA TELEPHONE (+374 10) 464700 FAX (+374 10) 464742 E-MAIL: USINFO@USA.AM |
19 Մարտի, 2009
Դեսպան Մարի Լ. Յովանովիչի ելույթը< Բաց հասարակության ինստիտուտի «Մարդու իրավունքները Հայաստանում» համաժողովում 19 մարտի, 2009թ., 10։00 ՀԱՀ բիզնես կենտրոն
Շնորհակալություն Լարիսա, Լուսիկ։ Շնորհակալություն ԲՀԻ-ին այս համաժողովը կազմակերպելու և ինձ այստեղ հրավիրելու համար։
Այսօր իմ ելույթում ես կանդրադառնամ մամուլի ազատությանը, որը ցանկացած ժողովրդավարության պարագայում հադիսանում է ամենահիմնական իրավունքներից մեկը։
Թոմաս Ջեֆերսոնը մի առիթով ասել է. «Եթե ես որոշելու լինեի, թե ինչ ենք նախընտրում պետություն առանց լրագրերի, թե լրագրեր առանց պետության, ես առանց վարանելու նախապատվությունը կտայի վերջինիս»։ Բարեբախտաբար, մենք այդպիսի ընտրության առաջ կանգնած չենք, և հետագա բոլոր սերունդներն էլ ամբողջ աշխարհով մեկ վստահ են եղել, որ մամուլի ազատությունը կարևորագույն իրավունքներից է, և այն պետք է պահպանվի ու պաշտպանվի։
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19-րդ հոդվածն հայտարարում է. «Ամեն ոք ունի համոզմունքներ ունենալու և արտահայտվելու իրավունք. այս իրավունքը ներառնում է համոզմունքներին անարգել հավատարիմ մնալու և տեղեկություններ ու գաղափարներ որոնելու, ստանալու ու տարածելու ազատություն, լրատվության ցանկացած միջոցներով, անկախ պետական սահմաններից»։
Այս սկզբունքը նաև մարմնավորված է ՀՀ Սահմանադրության մեջ. 2-րդ գլխի 27-րդ հոդվածով երաշխավորվում են լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը, ինչպես նաև անկախ հանրային ռադիոյի և հեռուստատեսության առկայությունը։
Անցումնային երկրի համար արտասովոր չէ, որ պետությունը գործնականում ամբողջովին չի հարգում խոսքի ազատությունը և մամուլի ազատությունը։ Միացյալ Նահանգները բացառություն չի եղել։ Բացառություն չէ նաև Հայաստանը։
Մեր երկրի պատմության վաղ փուլերում, երբ դեռ պետությունը չէր էլ կայացել, 13 գաղութներում այս խնդրի շուրջ պայքար էր ընթանում։ 1735թ. Նյու Յորքի հրատարակիչ Փիթեր Զենգերին մի ազդեցիկ քաղաքական գործիչ մեղադրում էր զրպարտելու մեջ։ Դատարանը նրան անմեղ ճանաչեց՝ նշելով, որ ճշմարտությունն ասելը զրպարտել չէ։
Կես դար անց, երբ Կոնգրեսում քննարկվում էին ԱՄՆ սահմանադրական փոփոխությունները, որ պատմությանը հայտնի է «Իրավունքների բիլ» անվամբ, սահմանադրության հիմնական հեղինակներից մեկը` Գ. Մորիսը գրեց. «Զենգերի դատավարությունն ամերիկյան ազատության սաղմնավորման ժամանակն էր, այս ազատության արևածագի աստղը»…
Մինչ Հայաստանը շարունակում է եռանդագին աշխատել մի համակարգից մյուսին անցում կատարելու ուղղությամբ, դեռևս մնում են մի շարք խնդիրներ կապված լրատվամիջոցների ազատության հետ: Ամենասարսափելին բռնության տխուր միջադեպերն են և այն միջավայրը, որտեղ կանխելու փոխարեն, կարծես թե խրախուսվում է լրագրողների ահաբեկումը: Սա սթափեցնող ուղերձ է մյուսներին, որ տեսնեն, թե ինչ կարող է պատահել լրագրողին ու լրատվական կազմակերպությանը, եթե նա սահմանն անցնի: Վերջին տարիներին լրագրողների նկատմամբ հարձակումների ավելացող թիվը անհանգստացնող է և լրատվամիջոցների ազատության վերաբերյալ իրական մտահոգությունների տեղիք է տալիս:
Լրատվամիջոցների ազատության ճանապարհին կան նաև այլ մարտահրավերներ. լինի դա ԳԱԼԱ հեռուստաընկերության համառ հարկային ստուգումները, թե Ա1+-ի դեպքը, երբ 2002թ. այն եթերազրկվեց: Չնայած այս ժամանակից ի վեր ներկայացված 10-ը հայտերին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմանը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, ԵԱՀԿ-ի ու Միացյալ Նահանգների բազմաթիվ կոչերին, այն դեռ մնում է եթերազրկված:
Այս ամենի արդյունքում բազմաթիվ լրատվամիջոցներ ու լրագրողներ զբաղվում են ինքնագրաքննությամբ, և նրանք դա բացահայտորեն ընդունում են:
Կուզեի նշել, որ Հայաստանի տպագիր լրատվամիջոցներում կարծիքների առողջ բազմազանությունն ապահովվում է, սակայն շրջանառության փոքր ծավալների հետևանքով Հայաստանի շատ քաղաքացիներ այս բանավեճից դուրս են մնում: Իսկ շատ լրագրեր չեն ներկայացնում հավասարակշռված լրատվություն, որն ուղղված է ընտրազանգվածի ուսուցմանը և նպաստում է իրազեկ որոշումների ընդունմանը, որը ցանկացած ժողովրդավարության հիմքն է հանդիսանում, այլ ներկայացնում են միայն մեկ տեսակետ:
Ինչպես գիտեք Հայաստանում շատերը լուրերին ու տեղեկատվությանը ծանոթանում են էլեկտրոնային լրատվամիջոցներով, իսկ այստեղ իրավիճակն ավելի վատ է:
Թեպետ կան 42 հեռուստաընկերություններ, եթե չեմ սխալվում, սակայն նկատելի է կարծիքների և դիրքորոշումների բազմազանության բացակայություն եթերում, հատկապես այն հեռուստաընկերությունների եթերում, որոնց հաղորդումներն ազգային լսարան ունեն:
Խոշոր հեռարձակող լրատվամիջոցները ընդհանուր առմամբ ներկայացնում են կառավարամետ դիրքորոշումներ և խուսափում են կառավարության քննադատությունից: Սա լրատվամիջոցների ազատության ճանապարհին թերևս ամենամեծ մարտահրավերն է, քանի որ սա նշանակում է, որ լրատվամիջոցները որոշակի տեսակետի ներքո են հրամցնում լրատվությունը և արդյունքում հանրությունը չի տեղեկանում այլ տեսակետների մասին:
Ռադիոյի և հեռուստատեսության մասին օրենքում վերջերս կատարված փոփոխությունը, որով ժամանակավորապես դադարեցվում է հեռարձակման նոր լիցենզիաների տրամադրումը, առավել կրճատում է լրատվամիջոցներում ավելի մեծ բազմազանություն ապահովելու հեռանկարները:
Հեռարձակման ոլորտի թվայնացումը օրինական նպատակ է, սակայն իրագործման ուղին հարցերի տեղիք է տալիս: Սովորաբար առաջին քայլն այն է, որ լրատվամիջոցների ու քաղաքացիական հասարակության հետ են խորհրդակցում, ապա հրապարակում են հստակ ծրագիր այն մասին, թե ինչպես է կառավարությունը պատրաստվում թվային հեռարձակման անցնել:
Հայաստանում օրենքն ընդունվեց վերջին պահին, ուշ երեկոյան և միանգամից անցնելով երեք ընթերցումները և առանց հանրային բանավեճի: Օրենքն այնպիսի շտապողականությամբ ընդունվեց, որ այն մշակողները նույնիսկ մոռացան դրա դրույթներում ներառել «ռադիո» բառը: Իսկ այն, որ օրենք ընդունվեց նախատեսվող բաց մրցույթից անմիջապես առաջ, նոր հարցերի տեղիք է տալիս:
Հայաստանը դեռ բավականաչափ ժամանակ ունի թվայնացման աշխատանքները կատարելու համար, մինչև 2015թ.` առանց հետ մնալու եվրոպական կամավոր չափորոշիչներից. կարիք չկա շտապողականություն հանդես բերել այս գործընթացում, հատկապես, երբ դա կարող է ճնշող ազդեցություն ունենալ լրատվամիջոցների բազմակարծության վրա, որի կարիքը Հայաստանը շատ ունի:
Թեպետ կառավարությունը պնդում է, որ ազատ հաճախականություններ չկան, քանի որ դրանք զբաղեցված են հարևան երկրների կողմից, հնարավորություն կա լիցենզիա տրամադրել նոր, տեղայնացված, փոքր հզորությամբ հեռարձակողների: Միջսահմանային խանգարումների հնարավորությունը սահմանափակ կլինի, իսկ տարբեր տեսակետների ու դիրքորոշումների ներկայացումը կխրախուսվի:
Ավելին, բազմակարծության համար պարարտ հող ապահովելու համար թվայնացված համակարգի ձևավորման ճանապարհին իշխանությունները կարող են ձևավորել երկաստիճան մի համակարգ ԱՄՆ-ում իրականացված գործընթացի նմանությամբ, որը թույլ կտա տեղական նշանակության, փոքր հզորությունների տեր կայաններին շարունակել անալոգային հեռարձակումները:
Հայաստանում լրատվամիջոցների հանդեպ ճնշումների գերակշիռ մասը պայմանավորված է մարդկային բնազդով, որ չենք ուզում, որ մեզ քննադատեն, հատկապես, երբ դա արվում է հրապարակավ: Սա համընդհանուր երևույթ է, և իհարկե կա ԱՄՆ-ում: Բայց եթե մենք լռեցնենք քննադատողներին, ապա քաղաքացիները իրենց պետական պաշտոնյաների հաշվետու գործելակերպը ապահովելու հնարավորությունից կզրկվեն, իսկ մեր առջև ծառացած խնդիրների լուծման հարցում մեր մտքերն ու տարբերակները խիստ կսահմանափակվեն:
Հենց սա է պատճառը, որ այսօր ես խոսեցի լրատվամիջոցների ազատության մասին: Առողջ ժողովրդավարության համար այն երկրորդական գործոն չէ, այն ազատության հենասյուներից մեկն է: Միացյալ Նահանգներում հենց ազատ մամուլն է, որի շուրջ խարսխված է մեր հաջողությունը` որպես պետություն: Սա ճիշտ է անգամ այն դեպքում կամ ՀԱՏԿԱՊԵՍ այն դեպքում, երբ լրատվամիջոցների հաղորդումները վշտացնում են ԱՄՆ պետական այրերին:
Նախագահ Ջոն Ֆ. Քեննեդին ասել է. «Մենք չենք վախենում ամերիկյան ժողովրդին ոչ հաճելի փաստեր, օտարերկրյա գաղափարներ, օտար փիլիսոփայություններ, մրցակցող արժեքներ հրամցնելուց։ Այն պետությունն է վախենում ճիշտ ու սխալը որոշելու հարցը բացահայտ իր ժողովրդի դատին հանձնելուց, որը վախենում է իր ժողովրդից»։
Անշուշտ, խոսքի ազատությունը կարելի է համարել բազմաթիվ այլ ազատությունների հիմքը, որ քաղաքացիները վայելում են աշխարհի հասուն ժողովրդավարություն ունեցող երկրներում, ինչպիսիք են խղճի ազատությունը, հավաքների ազատությունը, կրոնի ազատությունը և կառավարությանն ընտրելու ազատությունը։
Թեպետ այսօր ես իմ խոսքում շեշտադրեցի լրատվամիջոցներում բազմակարծության ապահովման ու ազատության մեծացման հարցերը, սակայն ուզում եմ նաև նշել, որ լրատվամիջոցներն ու լրագրողներն էլ պարտավոր են այդ ազատությունից օգտվել պատասխանատու կերպով։
Ինչպես նշեցինք, բազմազան ու քննադատական կարծիքները հիմնարար գործոն են ազատ լրատվամիջոցների գործունեության համար։ Սակայն երբ լրագրողները միտումնավոր, թե անփութության պատճառով խեղաթյուրում են ճշմարտությունը, մի բան, որ հաճախ ենք տեսնում, դրանով նրանք խարխլում են հասարակական վստահությունը իրենց կազմակերպության ու լրատվամիջոցների հանդեպ։
Միացյալ Նահանգները շարունակելու է հանդես գալ լրատվամիջոցների ազատության մեծացման դիրքերից ողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում։
Միաժամանակ մենք շարունակելու ենք խրախուսել ու օժանդակել լրագրողական բարձր ստանդարտներին ու արհեստավարժության մեծացմանը, ինչը թույլ կտա Հայաստանի լրատվամիջոցներին կատարել Հայաստանում ժողովրդավարության կայացման գործընթացում իրենց կարևորագույն դերը։
Այսօր լավ լուրն այն է, որ թեպետ կան դժվարություններ այս ոլորտում, կան նաև լուծումներ։ Մենք խրախուսում ենք կառավարությանն ու լրատվամիջոցներին վերանայել իրենց քաղաքականություններն ու գործելաոճը այս հարցի շուրջ՝ աշխատելով այս ոլորտի հասարակական կազմակերպությունների հետ, որպեսզի իրականացվեն այնպիսի փոփոխություններ, որոնք կհանգեցնեն աշխույժ, ազատ ու պատասխանատու լրատվամիջոցների գործունեությունը խրախուսող միջավայրի ձևավորման։
Հայաստանի համար օգուտը չի սահմանափակվի սոսկ ժողովրդավարության միջազգային սկզբունքների հետ համապատասխանությամբ և դրա դրական հետևանքներով։ Ազատ լրատվամիջոցները նաև հանգեցնում են իրական ու շոշափելի տնտեսական օգուտների։ Օրինակ՝ հետաքննող անկախ լրագրողները ամենաարդյունավետ գործիքն են ցանկացած կառավարության համար կոռուպցիայի դեմ լուրջ պայքարում, ինչը որպես գերակայություն սահմանել է նաև ՀՀ կառավարությունը։
Լիտվան, որ իր չափերով նման է Հայաստանի և Հայաստանի հետ միասին ընդհանուր անցյալ է ունեցել ԽՄ կազմում, վերջին տարիներին Ֆրիդոմ Հաուսի անցումային երկրների հետազոտությամբ անկախ լրատվամիջոցների մասով բարձր գնահատականի է արժանանում։ Ու թերևս պատահական չէ, որ Լիտվայի տնտեսական ցուցանիշներն էլ այդ ժամանակահատվածում եղել է Եվրամիության 27 լավագույնների շարքում։
Վստահ եմ, որ ժողովրդավարությունը, հաջողությունները կոռուպցիայի դեմ պայքարում և տնտեսական աճի հնարավորություններն ու ազատ, անկախ և պատասխանատու լրատվամիջոցները ձեռք-ձեռքի տված են ընթանում։
Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսը շատ պարզ կերպով ասաց. «Առանց ազատ լրատվամիջոցների, չկա ազատ ժողովուրդ»։
Շնորհակալություն։ Կարծում եմ քննարկումը կլինի հետաքրքիր ու բովանդակալից։
|