|

| EMBASSY OF THE UNITED STATES OF AMERICA |
| NEWS RELEASE |
|
1 AMERICAN AVENUE YEREVAN, ARMENIA TELEPHONE (+374 10) 464700 FAX (+374 10) 464742 E-MAIL: USINFO@USA.AM |
16 Հունիսի, 2009
ԶԵԿՈՒՅՑ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻԿԻՆԳԻ ՄԱՍԻՆ, 2009 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆ (ԽՈՒՄԲ 2)
Հայաստանը հիմնականում հանդիսանում է կոմերցիոն սեռական շահագործման նպատակով կանանց և աղջիկներին Միացյալ Արաբական Էմիրություններ (ՄԱԷ) և Թուրքիա տեղափոխելու սկզբնաղբյուր երկիր: Աշխատանքային շահագործման նպատակով իրականացվում է հայ կանանց և տղամարդկանց թրաֆիկինգ դեպի Ռուսաստան: Համաձայն հասարակական կազմակերպությունների հաղորդումների իրականացվել է նաև հայ կանանց թրաֆիկինգ դեպի Թուրքիա` հարկադիր աշխատանքի նպատակով: ՄԱԷ փոխադրվող զոհերը սովորաբար ինքնաթիռով Երևանից ուղղակիորեն կամ Մոսկվայով գնում են Դուբայ, իսկ Թուրքիա փոխադրումները հիմնականում կատարվում են ավտոբուսով` Վրաստանի տարածքով: Հայ աղջիկների և տղաների փոքր թիվ ենթարկվել է ներքին թրաֆիկինգի` կոմերցիոն սեռական շահագործման և հարկադիր մուրացկանության նպատակով:
Հայաստանի կառավարությունը չի ապահովում թրաֆիկինգի վերացմանն ուղղված նվազագույն ստանդարտները, չնայած նշանակալի աշխատանքներ է կատարում դրանց կենսագործման նպատակով: 2008 թ. դեկտեմբերին, կառավարությունը վերաբացեց 2006 թ. լավ փաստագրված մի դեպքի հետաքննությունը, երբ թրաֆիկինգի համար դատապարտված անձին բաց էին թողել բանտից, և նա փախել էր երկրից` համաձայն հնչեցրած մեղադրանքների տարբեր պետական պաշտոնյաների աջակցությամբ: Սա կարևոր քայլ էր, և այս հետաքննության արդյունքները պահանջում են հետագա մոնիտորինգ: Կառավարությունը նաև հատկացրեց 55000 ԱՄՆ դոլար 2009 թ. մասամբ ֆինանսավորելու հասարակական կազմակերպության կողմից գործարկվող թրաֆիկինգի զոհերի համար նախատեսված ապաստարանի գործունեությունը: 2008 թ. նոյեմբերին, կառավարությունը գործողության մեջ դրեց զոհերի ազգային ուղղորդման մեխանիզմը: Չնայած այս ջանքերը ցուցադրեցին իրական առաջընթաց հաշվետու ժամանակահատվածի ընթացքում, այնուամենայնիվ զոհերի աջակցության հարցում դեռ կան խնդիրներ, հատկապես երկարաժամկետ աջակցության տրամադրման և սոցիալական վերաինտեգրման հարցերում, և նվազել է թրաֆիկինգի համար դատապարտված անձանց քանակը:
Հանձնարարականներ Հայաստանին Շարունակաբար զբաղվել թրաֆիկինգի հետ կապված կոռուպցիայի հարցերով` եռանդուն հետաքննելով, քրեական կարգով հետապնդում իրականացնելով և դատապարտելով հանցակից պաշտոնյաներին. բարելավել զոհերի ազգային ուղղորդման նոր մեխանիզմը` ապահովելով, որ զոհերին տրամադրվի օրենքով վերապահված աջակցություն (բժշկական, իրավական, առաջնային կարիքներ և ապաստարան) զոհերի աջակցության գործընթացի բոլոր երեք փուլերում` անկախ հետաքննության ընթացքում զոհի իրավապահ մարմինների հետ համագործակցությունից. ապահովել, որ ոստիկանությունը և իրավապահ մարմիններն անցնեն կոնկրետ թրաֆիկինգին վերաբերող հետաքննական դասընթացներ քրեական կարգով հետապնդվող և հաջողությամբ դատապարտված թրաֆիկինգ իրականացնող անձանց թիվն ավելացնելու նպատակով. շարունակաբար ապահովել, որ թրաֆիկինգի համար դատապարտված անձանց մեծ մասը կրեն ազատազրկման պատիժ. ապահովել, որ հակաթրաֆիկինգային ծրագրերին և զոհերի աջակցությանը տրամադրված ամբողջ ֆինանսավորումը ծախսվի նախատեսված ծրագրերի վրա. ավելացնել հայտնաբերված և աջակցություն ստանալու համար ուղղորդված զոհերի թիվը. շարունակել սեռական և աշխատանքային թրաֆիկինգի վերաբերյալ իրազեկմանն ուղղված աշխատանքները:
ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ
Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի կառավարությունը շարունակել է աշխատանքներն իրավապահ ոլորտում: Հայաստանում քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածով արգելվում է մարդկանց թրաֆիկինգը թե´ սեռական, թե´ աշխատանքային շահագործման նպատակով, և այդ հանցանքի համար նախատեսվում է 3-15 տարվա ազատազրկում, ինչը բավականաչափ խիստ է և համահունչ է մյուս ծանր հանցանքների համար նախատեսված պատժաչափերի հետ: Կառավարությունը հետաքննել է թրաֆիկինգի 13 գործ, համեմատած 2007թ. 14 գործի հետ: Քրեական կարգով հետապնդում է իրականացվել 8 թրաֆիկինգ իրականացնող անձանց հանդեպ, նույն թիվը ինչ 2007թ. ընթացքում: 2008թ. թրաֆիկինգի հանցակազմով միայն չորս անձ է դատապարտվել, ինչը 2007թ. դատապարտված 11 հոգու համեմատ մատնանշում է դատապարտվածների թվի նվազում: 2008թ. դատապարտված բոլոր անձիք դատապարտվել են ազատազրկման 2-ից 7.5 տարվա սահմաններում. թրաֆիկինգի համար դատապարտված ոչ մի անձ չի ստացել պայմանական պատիժ: Հաշվետու ժամանակահատվածում 2006թ. լավ փաստագրված կոռուպցիայի դրսևորման դեպքի հետաքննությունը վերաբացելուց զատ, Հայաստանը նաև հետաքննություն է իրականացրել մի հանրային դպրոցի փոխտնօրենի հանդեպ, ով պարտադրել էր երկու հատուկ կարիքներ ունեցող աշակերտների զբաղվել փողոցներում մուրացկանությամբ: Կառավարությունը չի հաղորդել թրաֆիկինգին հանցակից պաշտոնյաների հանդեպ քրեական հետապնդման, դատապարտման կամ դատավճիռ կայացնելու լրացուցիչ ջանքերի մասին:
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի կառավարությունը համեստ առաջընթաց է ցուցադրել թրաֆիկինգի զոհերի պաշտպանության և աջակցության հարցում: Կառավարությունը հատկացրել է 55000 ԱՄՆ դոլար հասարակական կազմակերպության թրաֆիկինգի ապաստարանի աջակցության և 7000 ԱՄՆ դոլար թրաֆիկինգի զոհերի բուժօգնության համար: 2008 թ. նոյեմբերին կառավարությունը գործողության մեջ դրեց իր ազգային ուղղորդման մեխանիզմը. սակայն այն հանգամանքը, որ կառավարության կողմից հատկացվող ամբողջ միջնաժամկետ և երկարաժամկետ օժանդակությունը պայմանավորված է զոհի իրավապահ մարմինների հետաքննության հետ համագործակցությունից, անհանգստացնող է, և այն անհրաժեշտ է վերանայել: 2008թ. ընթացքում կառավարությունը հայտնաբերել է 34 զոհ, և ոստիկանությունն աջակցության է ուղղորդել է 20 զոհի, ինչը 2007թ. ուղղորդված 17 զոհի համեմատ աճ է մատնանշում: 2008թ. արտասահմանյան ֆինանսավորմամբ գործող հասարակական կազմակերպություններն աջակցել են 24 զոհի: Զոհերի համագործակցությունը իրավապահ մարմինների հետ խրախուսվել է. 2008թ. բոլոր 34 զոհերն աջակցել են ոստիկանությանը թրաֆիկինգի հետաքննությունների ընթացքում: Կառավարությունը չի պատժել զոհերին ուղղակիորեն թրաֆիկինգի ենթարկվելու արդյունքում թույլ տված անօրինական գործողությունների համար: Զոհերի/վկաների պաշտպանության պատշաճ մեխանիզմների բացակայությունը շարունակում էր լինել անհանգստության առարկա. սա կարող էր խոչընդոտել քրեական կարգով հետապնդում իրականացնելու Հայաստանի ջանքերին:
ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ
Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի ջանքերն ուղղված թրաֆիկինգի մասին իրազեկմանը բարելավվել են: Կառավարությունն անցկացրել է իրազեկման արշավ ուղղված դեռահասներին, որպեսզի խրախուսի հասակակիցների միջև քննարկումները թրաֆիկինգի վտանգների մասին: Կառավարությունը հատկացրեց 53000 ԱՄՆ դոլար թրաֆիկինգի կանխարգելմանն ուղղված աշխատանքների համար, իսկ 2007թ. հատկացրել էր 33000 ԱՄՆ դոլար: Սահմանապահները չէին հետևում ներգաղթի և արտագաղթի օրինչափություններին` կոնկրետ թրաֆիկինգի փաստեր հայտնաբերելու համար, և կառավարությունը ոչ մի երևացող ջանք չի գործադրել նվազեցնելու կոմերցիոն սեռական գործողությունների պահանջարկը:
|