|

| EMBASSY OF THE UNITED STATES OF AMERICA |
| NEWS RELEASE |
|
1 AMERICAN AVENUE YEREVAN, ARMENIA TELEPHONE (+374 10) 464700 FAX (+374 10) 464742 E-MAIL: USINFO@USA.AM |
15 Հունիսի, 2009
ՀԱՅԱՍՏԱՆ
Ազատության ու ժողովրդավարության խթանման զեկույց 2009թ.
Մաս 1: Քաղաքական և մարդու իրավունքների պայմաններ
Հայաստանը շուրջ 3.2 միլիոն բնակչությամբ սահմանադրական հանրապետություն է: Սահմանադրությամբ նախատեսվում է ընտրվող նախագահ և միապալատ օրենսդիր կառույց (Ազգային ժողով): Երկրում գործում է բազմակուսակցական քաղաքական համակարգ: Նշանակալի խախտումներով անցած 2008թ. նախագահական ընտրությունները հանգեցրին քաղաքական ճգնաժամի, որը դեռ հաղթահարված չէ: 2008թ. մարտի 1-ին կառավարությունն ուժ կիրառեց ցուցարարներին ցրելու համար, ձերբակալեց բազմաթիվ ցուցարարների, և 20-օրյա արտակարգ դրություն հայտարարեց, որը խստորեն սահմանափակեց մամուլի ազատությունն ու հավաքներ կազմակերպելու իրավունքը: Ցուցարարների ու անվտանգության ուժերի միջև բախումների արդյունքում զոհվեց 10 մարդ: Մարտյան բռնություններից հետո մարդու իրավունքների ոլորտում կառավարության գործունեությունը զգալիորեն վատթարացավ: Իշխանությունները կիրառել են հալածանքներ և դիմել են միջամտության բյուրոկրատական միջոցների` կառավարությանն ընդդիմացողներին ահաբեկելու և նրանցից վրեժխնդիր լինելու համար: Ոստիկանությունը ծեծի է ենթարկել նախնական կալանքի տակ գտնվողներին և որոշ դեպքերում չի ապահովել պատշաճ ընթացակարգ: Ազգային անվտանգության ծառայությունը և ոստիկանությունը գործել են անպատիժ և կատարել են կամայական ձերբակալություններ ու կալանավորումներ. դատարանների նկատմամբ շարունակվել են իշխանության գործադիր ճյուղի քաղաքական ճնշումները` քաղաքական ընդդիմախոսների հանդեպ ընտրողական հետապնդման կիրառմամբ և պատշաճ ընթացակարգերի բացակայությամբ` արտահայտելով դատական համակարգի ոչ անկախ լինելը. բանտերը շարունակել են մնալ ծանրաբեռնված ու անառողջ պայմաններով. և իշխանությունները ոչ միշտ են հարգել քաղաքացիների անձնական կյանքի իրավունքը: Լրագրողները շարունակել են զբաղվել են ինքնագրաքննությամբ. հակասական որոշում է ընդունվել հեռուստատեսության և ռադիոյի նոր լիցենզիաների տրամադրումը երկու տարով դադարեցնելու վերաբերյալ. կառավարությունն ու օրենքները սահմանափակել են կրոնական ազատությունը: Հաղորդումներ են եղել նաև կանանց նկատմամբ բռնությունների և ամուսնական բռնությունների, մարդկանց թրաֆիկինգի, հաշմանդամների նկատմամբ խտրականության, ինչպես նաև համասեռամոլների նկատմամբ հասարակության կողմից ոտնձգությունների մասին:
Մաս 2: ԱՄՆ կառավարության ժողովրդավարության ոլորտի նպատակները
Մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտում ԱՄՆ կառավարության ռազմավարությունն ուղղված է ժողովրդավարական հաստատությունների ու գործընթացների, քաղաքական բազմակարծության, անկախ մամուլի, անկախ դատական համակարգի, օրենքի գերակայության, կենսունակ քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի, կրոնի ազատության և մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարում պետական կառույցների ու հասարակական կազմակերպությունների ինստիտուցիոնալ հզորությունների խթանմանը: Միացյալ Նահանգների աջակցությունն ուղղվել է բարելավելու ընտրական համակարգերը, ընթացակարգերը և ենթակառուցվածքները, ինչպես նաև մեծացնելու քաղաքացիական հասարակության դերը ժողովրդավարական ընտրական գործընթացների խթանման հարցում: 2006թ. սեպտեմբերին գործողության մեջ մտած Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի (ՀՄԿ) համաձայնագրի շարունակական իրականացումը կախված է ժողովրդավարական գործունեության առաջընթացից և ՀՄԿ “Արդարացի կառավարման” ցուցանիշների գծով իրականացվող քաղաքականությունից: Սա վերահաստատում է ժողովրդավարական և մարդու իրավունքների բարեփոխումների խթանման կարևորությունն ավելի լայն, երկկողմ հարաբերություններ ամրապնդելու հարցում:
Խախտումներով անցած նախագահական ընտրություններին և 2008 թ-ի ընթացքում ժողովրդավարության ոլորտում այլ հետընթացներին ի պատասխան, Միացյալ Նահանգներն ինտենսիվ աշխատել է քաղաքացիական հասարակության, անկախ մամուլի, տեղական կառավարման մարմինների, կին և երիտասարդ ակտիվիստների, ինչպես նաև կառավարության ներսում բարեփոխիչների հետ բացասական միտումները շրջելու և հասարակության բարեփոխումների ու ժողովրդավարացման պահանջին արձագանքելու համար: Հակա-ժողովրդավարական միտումները շրջելու հարցում հատկապես կարևոր են տեղեկացված քաղաքացիների ներգրավվածությունը քաղաքական գործընթացների մեջ և ավելի ներկայացուցչական քաղաքական մշակույթի խրախուսումը: Լայնածավալ աջակցության ծրագրերի միջոցով, Միացյալ Նահանգները ձգտում է աջակցել կառավարության գործողությունների օրինականությունը վերահսկող և մարդու իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպություններին` կառավարության ներսում հաշվետվողականությունն ու թափանցիկությունը բարձրացնելու և աջակցելու հակակոռուպցիոն աշխատանքներին, որոնք խթանում են օրինականության մշակույթը և' կառավարողների, և' կառավարվողների մոտ: Միացյալ Նահանգները նաև շարունակել է հետամուտ լինել երկրում մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարելու իր առանցքային նպատակին:
Մաս 3: Օժանդակություն մարդու իրավունքների և ժողովրդավարական կառավարման առաջնահերթ խնդիրներում և այլ ուղղություններում
ԱՄՆ պաշտոնյաներն օգտագործում են դիվանագիտական շփումները խթանելու ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին առնչվող նպատակները` աշխատելով պետական պաշտոնյաների, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության և մամուլի ներկայացուցիչների հետ բոլոր մակարդակներում, ինչպես նաև պարբերաբար փոխանցում են այս ուղերձները տեղական մամուլի միջոցով: Կարևոր գործունեության մաս են կազմել ճնշումները ուղղված բանտարկված քաղաքական գործիչների համար պատշաճ ընթացակարգի իրավունքների, հավաքների ազատության, մամուլի անկախության, 2008-ի ընտրությունների և դրան հետևող քաղաքական ճգնաժամի ընթացքում կառավարության գործողությունների համար պատասխանատվության ապահովմանը: ԱՄՆ պաշտոնյաները բազմիցս զգուշացրել են կառավարությանը, որ Հազարամյակի մարտահրավեր ծրագրով ֆինանսավորումը կախված է ժողովրդավարության ասպարեզում կառավարության առաջընթացից ու Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի կողմից դիտարկվող ցուցանիշների ապահովումից, և երբ հետընթաց գրանցվեց, Միացյալ Նահանգները կասեցրեց ֆինանսավորման որոշ մաս: Միացյալ Նահանգները շարունակում է ժողովրդավարության խթանման եռամյա ռազմավարությամբ նախատեսված աշխատանքների իրականացումը, որի մի մասի կիզակետում երկրի ընտրական գործընթացների հուսալիության մեծացումն է 2009 թ-ի մայիսի Երևանի քաղաքապետի ընտրություններից ամիսներ առաջ: Միացյալ Նահանգները տրամադրել է լայնածավալ օժանդակություն խրախուսելու ազատ և արդար նախագահական ընտրություններ 2008 թ-ի փետրվարին: Այս օժանդակությունը ներառում էր ծրագրեր ուղղված երկրի ազգային ընտրացուցակների ճշգրտության բարելավմանը, ընտրությունների կազմակերպման հզորացմանը, ընտրություններին առնչվող հանրային քաղաքականության հարցերի վերաբերյալ ընտրողների տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը, քաղաքական կուսակցությունների շահառուներ ձեռք բերելու և քաղաքացիների շահերին համապատասխանող կոնկրետ խնդիրների վերաբերյալ պլատֆորմներ ստեղծելու կարողությունների հզորացմանը, լրատվամիջոցներում ընտրարշավի և հանրային քաղաքականության հարցերի լուսաբանումների բարելավմանը, քաղաքացիների մասնակցության խթանմանը, և դատավորների, դատախազների և պաշտպանների ընտրությունների հետ կապված բողոքները վարելու հարցում կարողությունների ուժեղացմանը: Անկախ դատական համակարգի կայացմանն ուղղված ԱՄՆ օժանդակությունը ներառել է թարգմանությունների տրամադրում և դատախազների և դատավորների ուսուցում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ: Կարևոր են եղել նաև ԱՄՆ ջանքերը դատավորի վարքագծի նոր կանոնագրքի և փաստաբանության մասին օրենքի մշակման հարցում, ինչպես նաև փաստաբանների ամենամյա որակավորման քննության ներդրման հարցում, ինչը թույլ է տալիս ոլորտում նոր փաստաբաններ ընդունել թափանցիկ և անաչառ ձևով: Միացյալ Նահանգները շարունակում է ուսումնական դասընթացներ իրականացնել դատավորների, դատախազների, փաստաբանների ու ոստիկանների համար` նպատակ ունենալով դատական ու իրավապահ մարմինների գործունեությունը համահունչ դարձնել միջազգային չափանիշներին: Այս դասընթացների ուշադրության կենտրոնում եղել են մեղադրյալի իրավունքը` վկաների առերես հարցաքննություն պահանջելու վերաբերյալ, ընտանեկան բռնության, ֆինանսական հանցանքների հետաքննության, և կոռուպցիայի հետաքննության և դատական կարգով հետապնդման հետ կապված հարցեր:
Շարունակելով աջակցել առավել արհեստավարժ և կայուն լրատվամիջոցների զարգացմանն ու սատարել անկախ տարածաշրջանային լրատվական կազմակերպություններին` ԱՄՆ հատուկ շեշտադրում է կատարում լրատվության այլընտրանքային միջոցների զարգացմանը սատարելուն և պաշտոնատար անձանց, լրագրողների, իրավաբանների, դատավորների, ՀԿ-ների, պատգամավորների և քաղաքական կուսակցությունների անդամների շրջանակներում տեղեկատվության ազատության օրենքի վերաբերյալ իրազեկմանը: Ի լրումն վերոհիշյալի, ԱՄՆ ֆինանսավորում է հատկացրել լրագրության միջազգային չափանիշների վերաբերյալ լրագրողների ուսուցման համար: Միացյալ Նահանգները շարունակում է օժանդակել տեղեկատվության ազատությանը` աջակցելով 4 Ամերիկյան անկյուններին, որոնք տրամադրում են տեղեկություններ ԱՄՆ ժողովրդավարական հաստատությունների մասին: Օրենքի գերակայությունը խթանելու ու կոռուպցիայի դեմ պայքարելու նպատակով ԱՄՆ հանդես է գալիս հակակոռուպցիոն օրենսդրությունը բարեփոխելու դիրքերից, ինչը կսահմանափակի դատական հայեցողականությունը դատավճիռների հարցում և կխստացնի պատիժները կապված կեղծ ցուցմունքներ տալու, կաշառքների ու այլ հարակից հանցանքների հետ: Միացյալ Նահանգները նաև քաղաքացիական հասարակության խմբերին ֆինանսավորում է հատկացնում կրթօջախներում ու դատական համակարգում տեղ գտած կոռուպցիոն դրսևորումները հետաքննելու և վերհանելու նպատակով: Միացյալ Նահանգները աջակցում է կոռուպցիայի նվազեցմանը` ստեղծելով և սատարելով Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոններ չորս մարզերում: Այս կենտրոնները աջակցություն են տրամադրում քաղաքացիներին` օգնելով նրանց լուծել կոռուպցիային առնչվող խնդիրներ, տրամադրելով իրավաբանական աջակցություն, ստեղծելով կոռուպցիայի դեպքերը հաղորդող և կառավարական օղակներ բողոքները ուղղորդող մի մեխանիզմ: Միաժամանակ, ծրագիրը հզորացնում է հակակոռուպցիոն հաստատությունները, ներառյալ Մարդու իրավունքներ պաշտպանի (օմբուդսմենի) պետական ինստիտուտը: Զուգահեռաբար, ԱՄՆ կողմից ֆինանսավորվող իրավական սոցիալականացման ծրագիրը իրականացվեց 150-ից ավել միջնակարգ դպրոցներում` իրազեկելու աշակերտներին օրենքով սահմանված իրենց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Ֆինանսավորվել են նաև ռադիոհաղորդաշարեր` բարձրացնելու իրազեկվածության մակարդակը մարդու իրավունքների և կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ:
ԱՄՆ պաշտոնյաները խթանում են կենսունակ քաղաքացիական հասարակության կայացումը` խրախուսելով կառավարման հարցերի շուրջ կառավարության, անկախ և ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության միջև կառուցողական երկխոսության ծավալմանը: ԱՄՆ ֆինանսական աջակցությամբ տեղական հասարակական կազմակերպությունները շարունակում են մարդու իրավունքների, ժողովրդավարական զարգացումների, արդար ու թափանցիկ ընտրական գործընթացների, քաղաքական կուսակցությունների զարգացման ու քաղաքացիական հասարակության խթանմանը ուղղված նախաձեռնությունները: Ամերիկյան օժանդակությամբ գործող հասարակական կազմակերպությունները աշխատում են օժանդակելու հոգեկան առողջության հարցերում, ձևավորելու շահապաշտպան գործունեություն մշակելու ու իրականացնելու ունակություններ, առանցքային բնապահպանական հարցերի շուրջ լոբբինգ իրականացնելու և առկա տեղական խնդիրները լուծելու նպատակով համայնքների ու տեղական ինքնակառավարման մարմինների միջև երկխոսությունը ամրապնդելու շուրջ: Երկրի ավելի քան 80 համայնքներում երիտասարդական համայնքային գործողությունների ծրագիրը մոբիլիզացրել է երիտասարդներին` լուծելու տեղական խնդիրները և համայնքի առջև ծառացած մարտահրավերները քարոզչության և հստակ նախաձեռնությունների միջոցով:
Մարդու իրավունքների հանդեպ հարգանքը խթանելու նպատակով երկրում գտնվող ԱՄՆ պաշտոնյաները սերտ կապեր են պահպանել երկրում գործող մարդու իրավունքերի պաշտպանների ու այդ ոլորտում աշխատող հասարակական կազմակերպությունների հետ: Այդ ՀԿ-ներին տրամադրված ֆինանսավորումը աջակցեց մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ անկախ արձանագրման բարելավմանը: Այլ ֆինանսավորման միջոցով հնարավոր դարձավ դիտարկել ընդդիմադիր գործիչների դատավարությունները, որոնք ձերբակալվել էին նախագահական ընտրությունների կապակցությամբ բողոքի ակցիաների մեջ իրենց ունեցած դերակատարման համար: Մարտի 1-2 դեպքերը ուսումնասիրող անկախ հանձնաժողով ստեղծելուն աջակցելու իշխանությունների խնդրանքին արձագանքելով`ԱՄՆ պաշտոնյաները նախ առաջարկեցին, ապա նաև կազմակերպեցին և ֆինանսավորեցին ԱՄՆ 9/11 Հանձնաժողովի աշխատակազմի նախկին անդամների այցը Հայաստան` կիսելու իրենց երկկուսակցական փորձը ազգային ճգնաժամը ուսումնասիրելու ուղղությամբ: Երկրում ԱՄՆ ֆինանսավորման շնորհիվ անցկացվել են նաև ուսուցումներ երիտասարդների համար հանդուրժողականության, փոխըմբռնման, մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների վերաբերյալ: Լրացուցիչ ֆինանսավորում է հատկացվել հանրային իրազեկման քարոզարշավի, ուսուցողական ծրագրերի և տնային բռնության զոհերի համար ապաստարանների աջակցմանն ու իրականացմանը: Ամերիկյան պաշտոնյաները հաճախակի կառավարության ու եկեղեցական առաջնորդների հետ քննարկել են կրոնական ազատությանն առնչվող խնդիրները՝ մարդու իրավունքների խթանման ընդհանուր քաղաքականության համատեքստում։ Թրաֆիկինգի դեմ պայքարելու նպատակով ԱՄՆ պաշտոնյաները հաճախակի հանդիպել են կառավարության ներկայացուցիչների և հակարթաֆիկինգային հարցերով միջազգային աշխատանքային խմբի հետ` թրաֆիկինգի դեմ նրանց աշխատանքներին աջակցելու համար: ԱՄՆ պաշտոնյաները հետևում են թրաֆիկինգ իրականացնելու մեջ կասկածվող մարդկանց դատավարություններին և առաջարկում են կառավարությանը հակաթրաֆիկինգային քաղաքականության և ֆինանսավորման ուղղությունների հետ կապված խորհուրդներ: Միացյալ Նահանգների հակաթրաֆիկինգային աջակցության ներքո ֆինանսավորվում է ապաստարան, որ թրաֆիկինգի զոհերին տրամադրում է հանգրվան, բուժօգնություն, սոցիալական ու իրավական ծառայություններ: ԱՄՆ աջակցության ներքո շարունակվում են իրականացվել է թրաֆիկինգի կանխման և հայտնաբերման հարցերի շուրջ դասընթացներ սահմանապահների, ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համար: Այլ ֆինանսավորման շրջանակներում աջակցություն է տրամադրվում թրաֆիկինգի ձևերի և վտանգների մասին հանրային իրազեկության բարձրացմանը:
|