Embassy Seal
US Department of State
U.S. Embassy in Armenia
  
ԱՄՆ դեսպան Մարի Լ. Յովանովիչի ելույթը
Մարտին Լյութեր Քինգ Կրտսերի ու Ազատության պաշտպանի հայաստանյան մրցանակակիր Միքայել Դանիելյանի պատվին 2009թ. հունվարի 22-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր ներկաներին ոգեշնչող և պատմական այս շաբաթվա այս երեկոն ինձ հետ միասին անցկացնելու համար:

Երկուշաբթի օրը նշեցինք Մարտին Լյութեր Քինգ Կրտսերի ծննդյան օրը, մի մարդ, ով լծված էր հանուն արդարության, ռասայական հավասարության ու մարդու իրավունքների մղվող պայքարին ու ի վերջո իր կյանքը տվեց այդ պայքարում: Նույն օրը ցավով հիշեցինք Հրանտ Դինքի վաղաժամ մահվան երկրորդ տարելիցը. մի մարդ, ով արդարության, հավասարության ու խոսքի ազատության համար մղվող պայքարում գնում էր Մարտին Լյութեր Քինգի հետքերով:

Երկուշաբթի օրը նշանավորվեց Բարակ Օբամայի երդմնակալության արարողությամբ. մի մարդ, ով Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրված առաջին սևամորթ ամերիկացին է:

Նախագահ Օբամայի համար դեպի Սպիտակ տուն ճանապարհը դյուրին չէր, այն հարթվել էր Քինգի ու քաղաքացիական իրավունքների շարժման բազմաթիվ մասնակիցների զոհողությունների ու պայքարի միջոցով, այն մարդկանց ջանքերով, ովքեր, ի հեճուկս ատելության ու բռնության, համոզում էին Ամերիկային ապրել մեր Սահմանադրությանը, ազատության ու հավասարության մեր հիմնարար սկզբունքներին վայել կերպով:

Լյութեր Քինգի հետ կապված ինձ հատկապես հիացնում է նրա անսահման հավատը. հավատը բռնության բացառման հարցում, հավատը ժողովրդավարական գործընթացի բացարձակացման հանդեպ ու հավատը սոցիալական պարտավորությունների ու գործողությունների դրական արժեքի վերաբերյալ:

Անարդարությունը բարձրաձայնելը և հիմնարար ազատությունների ու մարդու իրավունքների անունից հանդես գալը նա համարում էր բոլորի բարոյական պարտքը: Երբ նա արժանացել էր Խաղաղության նոբելյան մրցանակի իր խոսքում ասաց. «Անարդարության առկայությունն ինչ-որ մի տեղ, վտանգում է արդարությունն ամենուր»:

Լյութեր Քինգն հասկանում էր, որ ինչ-որ բան փոխելու համար յուրաքանչյուր ոք, ձեզնից ամեն մեկը, դերակատարում ու անելիք ունի:

1963թ. օգոստոսի 28-ին տարբեր սոցիալական դասերի, ռասայական ու դավանական պատկանելության 250.000 ամերիկացիներ դուրս եկան խաղաղ երթի մայրաքաղաք Վաշինգտոնում և լսեցին Քինգի, այսօր արդեն հայտնի խոսքերը. «Ես երազանք ունեմ»:

Եվ ահա Քինգի կողմից իր երազանքը հայտնելուց հետո 45 տարի անց, Բարակ Օբաման, ում փոփոխությունների քարոզչությանը կողմնակից էին երկրի շարքային քաղաքացիների լայն շրջանակները, դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրվեց Նախագահի թեկնածու:

Արդարության ու հավասարության համար Քինգի մղած պայքարը դյուրին չէր: Նույնիսկ կայացած ժողովրդավարության պարագայում հաճախ է նկատվում լարվածություն կառավարության ու այլախոհների միջև, իշխանություն ունեցողների ու նրանց միջև, ովքեր ճնշված են կամ չեն կարող իրացնել իրենց քաղաքացիական իրավունքները: Սա ճշմարտացի է Միացյալ Նահանգների համար թե այսօր, թե Քինգի օրոք: Կառավարությունում կային մարդիկ, ովքեր Քինգին խիստ վտանգավոր էին համարում: Նրան հետևում էին, լսում էին նրա հեռախոսային խոսակցությունները: Քինգին հաճախ ձերբակալում և մի անգամ չէ, որ նա ծեծի է ենթարկվել:

Սակայն ազգի գիտակցությունը արթնացնելով` Քինգի շարժումը օգնեց, որպեսզի Կոնգրեսը ընդունի քաղաքացիական ու ընտրական իրավունքների մասին օրենքը, որով սևամորթ ամերիկացիները առավել լիարժեք կարող էին իրացնել իրենց քաղաքացիական իրավունքները:

Միացյալ Նահանգներն այսօր էլ դեռ կատարյալ չէ. դեռ լինում են թերացումներ մարդու իրավունքների ու քաղաքացիական ազատությունների հարցերում: Բայց մեր ժողովրդավարության պարագայում ու ընդհանրապես ժողովրդավարության պարագայում, որ ձևավորվում է մարդկանց կողմից ու մարդկանց համար, անհատներն ու հասարակական կազմակերպությունները կենսականորեն կարևոր ու օրինական դեր ունեն բարձրաձայնելու թերությունները և պաշտպանելու այն անձանց ու խմբերին, որոնց հանդեպ անարդարացի վերաբերմունք է դրսևորվում կառավարության կամ հասարակության կողմից:

Սրա հետ կապված կարող են լինել անհարմարություններ, հաճախ դա ընկալվում է որպես վտանգավոր գործունեություն, սակայն դժվարություններն ու բարդությունները սոսկ ամրապնդում ու զորեղացնում են ժողովրդավարությունը:

Բարեբախտաբար, այստեղ Հայաստանում ևս կան մարդու հիմնարար իրավունքների ու մարդկային արժանապատվության պաշտպանության ջատագովներ:

Մի այդպիսի մարդ է Միքայել Դանիելյանը:

Միքայելի համար մարդու իրավունքների սկզբունքները պայմանավորված չեն այն հանգամանքով, թե ով կամ որ կուսակցությունն ունի իշխանություն:

Հայաստանի հելսինկյան ասոցիացիայի հիմնադիր և առաջնորդ Միքայել Դանիելյանը տարիներ շարունակ պայքարել է հանուն բանտարկյալների, զորակոչիկների և ճնշված փոքրամասնությունների իրավունքների:

Մարտիմեկյան քաղաքական բռնություններից հետո Միքայելն ու նրա աշխատակազմը քննության են առել ոստիկանական չարաշահումների մասին բողոքները, այցելել են կալանքի տակ վերցվածներին ու հոգացել են, որ բուժօգնություն ցուցաբերվի վիրավորվածներին: Այդ քաղաքական իրադարձությունների ընթացքում ու դրանցից հետո կալանքի տակ վերցված անձանց վերաբերյալ նա ապահովել է անկախ և արժանահավատ տեղեկատվություն: Դա մի այնպիսի պահ էր, երբ շատերը կարծում էին, որ չեն կարող լիովին վստահել ոչ կառավարության, ոչ էլ ընդդիմության պնդումներին:

Նվիրված աշխատանքի այս տարիների ընթացքում Միքայելի վրա կրակել են, նրան ծեծի են ենթարկել, սպառնացել ու այն, որ նա շարունակում է գործել ի պաշտպանություն մարդու իրավունքների նրա անսահման քաջության ու նվիրումի պերճախոս վկայությունն են:

Նա միայնակ չի գործում: Այսօր արժանին մատուցելով նրան` մենք նաև տուրք ենք տալիս նրանց, ովքեր աշխատում են նրա ղեկավարության ներքո և նրա հետ, բոլոր այն անձանց, ովքեր աջակցում են նրան, ինչպես նաև Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մյուս ակտիվիստներին:

Միքայելն, նրա աջակիցները և գործակիցները վառ օրինակ են ցույց տալու, որ անհատները շատ բան կարող են անել:

Նա ցույց է տվել մեզ, ու մասնավորապես այստեղ ներկա երիտասարդներին, որ մեր քաղաքացիական պարտքն է պայքարել հանուն մեր գաղափարների ու այն սկզբունքների, որոնց վրա հիմնվում է մեր հասարակությունը:

Կուզեի խոսքս եզրափակել Մարտին Լյութեր Քինգի հայտնած հետևյալ մտքով. «Մարդուն ճիշտ գնահատելու համար պետք չէ դիտարկել, թե որտեղ է նա գտնվում հանգիստ ու հանդարտ պահերին, այլ այն, թե որտեղ է նա դժվարին ու օրհասական իրավիճակներում»:

Միքայել, մենք գիտեք թե որտեղ եք դուք գտնվում:

Նախկին պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը սահմանել է Ազատության պաշտպանի մրցանակ, որով մարդու իրավունքների պաշտպանության դիրքերից հանդես եկող մարդկանց արժանին է մատուցվում ազատության ու մարդկային արժանապատվության խթանման հարցում կարևոր հասարակական դերակատարման համար: Մեր կողմից առաջադրվել և Հայաստանից այդ մրցանակին է արժանացել Միքայել Դանիելյանը:

Թույլ տվեք ընթերցեմ պատվոգրի տեքստը. «Մրցանակը շնորհվում է տարիների ընթացքում Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հարցում և մասնավորապես 2008թ. աղմկալի քաղաքական իրադարձությունների ընթացքում դրսևորված ակնառու գործունեության համար: Մարդու իրավունքների ու ժողովրդավարական արժեքների պահպանմանն ուղղված Ձեր ծառայությունը համահունչ է այն գաղափարներին, որ նախանշվել է ԱՄՆ պետքարտուղարի կողմից Ազատության պաշտպանի մրցանակը սահմանելիս»:

Ինձ համար շատ հաճելի է ու ես հպարտ եմ, որ Ազատության պաշտպանի մրցանակը Հայաստանում հանձնում եմ Ձեզ:

Դեսպան Մարի Յովանովիչը Հայաստանի Հելսինկյան Ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանին է հանձնում 2008 թվականի Ազատության Պաշտպանի մրցանակը:

Դեսպան Մարի Յովանովիչը Հայաստանի Հելսինկյան Ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանին է հանձնում 2008 թվականի Ազատության Պաշտպանի մրցանակը:

 

  
— KEY EMBASSY LINKS —

— U.S. Government Reports —

— Other Information —

American Corners' Logo
Get Free Adobe Reader

This website contains PDF documents. To read them, Get Adobe Reader!


Embassy of the United States