Դեսպան Յովանովիչի ելույթի նախագիծը ուղղված Ազգային ժողովրդավարական ինստիտուտի առաջնորդ կանանց ուսումնական դասընթացի մասնակիցներին ք. Երևան, 11-ը փետրվարի, 2009թ.
Շնորհակալություն Գեղամ, այսօր այստեղ հանդես գալու հնարավորություն ընձեռելու համար: Ոգեշնչող է այս սենյակում տեսնել Հայաստանի բազմաթիվ ներկայիս ու ապագա առաջնորդ կանանց:
Երբ մտածում էի, թե այստեղ գալով ինչի մասին պետք է խոսեմ, առաջինն ինչ մտքովս անցավ հետևյալն էր. «մի՞թե առաջնորդման ժամանակ կին կամ տղամարդ առաջնորդը նույնը չեն»: Բայց երբ շարունակեցի մտածել այդ ուղղությամբ հասկացա, որ կանայք, էլ չխոսեմ առաջնորդ կանանց մասին, այնպիսի մարտահրավերներ են հաղթահարում, որոնք տղամարդկանց պարագայում պարզապես չկան:
Առաջնորդ կանանց համար կան գործնական խոչընդոտներ, ինչպիսիք են օրինակ տղամարդկանց այսպես կոչված «հին ընկերների ցանցն» է, որը դժվարացնում է կանանց ներթափանցումը առաջնորդող դիրքեր, կամ էլ այն փաստը, որ չկա մի երկիր, որտեղ կանանց աշխատանքը վարձատրվի տղամարդկանց աշխատանքին հավասար:
Բացի այդ, կանայք էլ առանձնապես հետաքրքրված չեն առաջադրվելու պետական պաշտոններում: Հաճախ նրանք քաղաքականությունը համարում են ոչ մաքուր ու կոռումպացված ոլորտ:
Նույնիսկ կնոջ դերի ավանդական ընկալումը հասարակության կողմից, որ կինը պետք է լինի տան և օջախի պահապանը, ընտանիքի առջև մեր ունեցած պարտավորությունները, դժվարացնում են կանանց առաջադրումը ընտրովի պաշտոններում: Այս պատկերացումներն էլ իրենց հերթին խոչընդոտ են հանդիսանում, որոնք ևս պետք է հաղթահարվեն:
Ուստի շատ կանայք նախընտրում են դրա փոխարեն իրենց ուժն ու եռանդը ծառայեցնել քաղաքացիական հասարակությանը, որտեղ կանայք փաստացի մեծամասնություն են կազմում Արևելյան Եվրոպայի և նախկին ԽՄ բոլոր երկրներում: Նրանք կարծում են, որ այդ կերպ իրենց համայնքների դրական տեղաշարժերին նպաստելու ավելի մեծ հնարավորություն ունեն:
Հարվարդի համալսարանի Ջոն Ֆ. Քեննեդիի անվան կառավարման դպրոցի կանանց և հանրային քաղաքականության հարցերով ծրագրի ներկայիս տնօրեն, Ավստրիայում ԱՄՆ նախկին դեսպան և իմ բարեկամ դ-ր Սուոնի Հանթը վերջերս «Ֆորին ըֆեըրզ» ամսագրում հրատարակած իր հոդվածներից մեկում գրել էր. «Կանայք փայլում են հասարակական կազմակերպություններում, սակայն աշխարհին պետք է, որ նրանց փորձը տեղափոխվի քաղաքականության ոլորտ»:
Համաշխարհային բանկի կողմից կատարված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն երկրներում, որտեղ բարձր պետական պաշտոններում ու խորհրդարաններում կանանց թիվը մեծ է, կոռուպցիայի մակարդակը երկորւմ ավելի ցածր է: Իսկ կոռուպցիայի ցածր մակարդակն ուղղակիորեն հանգեցնում է ներդրումների բարձր ցուցանիշների ու տնտեսական ավելի մեծ աճի, ինչպես նաև ապահովում է որակյալ կառավարման ծառայությունների ավելի մեծ հասանելիություն քաղաքացիների համար:
Եթե առաջնորդող պաշտոններում, քաղաքականություն մշակելիս բավարար կերպով չկիրառվեն կանանց գաղափարները, ստեղծագործական միտքը և կարծիքը, ապա դա կնշանակի, որ Հայաստանը փորձում է իր ապագան կառուցել մի ձեռքը մեջքին կապած վիճակում: Մերօրյա խիստ մրցունակ աշխարհում Հայաստանին անհրաժեշտ է, որ քաղաքական գործընթացներում ու այլ առաջնորդման ոլորտներում օգտագործի իր պայծառ ու տաղանդավոր մարդկանց ներուժն ամբողջությամբ, այլ ոչ կիսով չափ:
Թեպետ առաջնորդ կանանց ճանապարհին մարտահրավերներ շատ կան, սակայն ամենամեծ խոչընդոտները մենք ինքներս ենք ստեղծում: Առաջնորդ կանանց համար ամենամեծ խոչընդոտը ինքնաընկալումն է ու կարծրատիպերի ընդունումը: Հաճախ ենք լսում բարձր դիրքի հասած կանանց, ովքեր ասում են. «Քաղաքականությունը տղամարդկանց համար է»:
Կանայք Հայաստանում կազմում են բնակչության 52%-ը, սակայն ձեռնարկատիրության ու կառավարության բարձր օղակներում կանանց ներկայացվածությունը պաշտոնների բարձրացմանը զուգընթաց նվազում է: Խորհրդարանում կանայք ընդամենը 9% են կազմում, մինչդեռ կառավարության ամենացածր վարձատրվող ոչ ղեկավար պաշտոններում կանայք կազմում են 62%:
Դ-ր Հանթը կանանց խորհուրդ է տալիս. «Երբ մտածում եք Ձեր կարիերայի մասին, գնահատեք Ձեր կարողություններն ու ունակությունները, ապա այդ թիվը եռապատկեք»: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ կանայք մշտապես թերագնահատում են իրենց աշխատանքը: Խիստ էական է, որ դուք սովորեք գնահատել ինքներդ Ձեզ ու դրանով օգնեք, որ մյուսները գնահատեն Ձեր կատարած աշխատանքն ու ունեցած ներդրումը:
Երբ նայում եք ինձ, դուք թերևս մտածում եք, որ ես դեսպան եմ, ամերիկացի, չգիտեմ, թե ինչպիսին է իրավիճակն այստեղ: Միգուցե այո, լավ չեմ տիրապետում տեղի իրավիճակին, սակայն ես էլ Ձեզնից շատերի նման երիտասարդ եմ եղել ու չեմ իմացել, թե ինչ ունակություններ ունեմ ու վստահ չեմ եղել իմ հետագա քայլերի վերաբերյալ:
Համալսարանում ուսանելու առաջին տարվա ընթացքում իմ պատմության դասախոսը, ինձ` խմբի իգական սեռի միակ ներկայացուցչիս ուղղակի չէր ուզում նկատել իր դասերի ժամանակ, նա պարզապես անտեսում էր ինձ: Երբ ես ընդունվեցի Փրինսթոնի համալսարան, իգական սեռի ներկայացուցիչներին այնտեղ ուսանելու հնարավորություն տրվել էր ընդամենը վեց տարի առաջ, բավականին հակասական ժամանակներ էին: Պատմության դասպոսը ինձ նկատեց ու թույլ տվեց, որ ես էլ մասնակցեմ դասերին միայն այն ժամանակ, երբ ես ներկայացրեցի լավագույն կուրսային աշխատանքը:
Ես հակված եմ կարծել, որ նրա աչքերը բացվեցին, ու եթե անգամ դա այդպես չէր նրա համար, իմ աչքերն, այնուամենայնիվ, բացվեցին: Ես մի կարևոր դաս քաղեցի, այն է` չսպասել, որ ուրիշները բացահայտեն ինձ կամ իմ ունակությունները:
Ձեզնից ոմանք ըստ երևույթին կարծում են, որ անհավասարության խնդիրըն ամերիկյան կանանց համար գոյություն չունի: Մենք առաջընթաց ենք ապրում, սակայն անելիք դեռ շատ կա:
Օրենսդիր կառույցում կանանց ներկայացվածության թվով Միացյալ Նահանգները այլ երկրների համեմատ միջինից ցածր ցուցանիշ ունի: 2008թ. նոյեմբերին կայացած մեր վերջին ընտրություններից հետո ցուցանիշները հետևյալն են. սենատում կին են 100 սենատորներից 17-ը, իսկ ներկայացուցիչների պալատի 435 ներկայացուցիչներից կին են 77-ը:
Միացյալ Նահանգների 50 նահանգապետերից կին են 8-ը, իսկ իմ ոլորտում 2007թ. տվյալներով 179 դեսպաններից կին էին միայն 34-ը, չնայած հպարտությամբ պետք է նշեմ, որ մեր վերջին չորս պետքարտուղարներից, այսինքն արտաքին գործերի նախարարներից երեքը կին են եղել: Երկրի նախագահի պաշտոնում երբեք կին չի ընտրվել, սակայն այս տարի նախնական ընտրությունների ժամանակ ունեինք նախագահության լուրջ կին թեկնածու:
Դանդաղ, բայց տեսանելի առաջընթաց է նկատվում ողջ աշխարհում, նույնիսկ առավել ավանդապաշտ հասարակություններում: Աշխարհի առաջնորդների շարքում ավելի ու ավելի շատ կանայք են տեղ գտնում:
Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնը, որը նախագահից ու փոխնախագահից հետո երկրորդ ամենաբարձր պաշտոնն է համարվում, զբաղեցնում է կին: Կին են Իռլանդիայի, Լիբերիայի, Ֆիլիպինների, Չիլիի, Հնդկաստանի, Արգենտինայի, Բոսնիայի նախագահները, Մոզամբիկի, Ուկրաինայի, Բանգլադեշի և Իսլանդիայի վարչապետները, Գերմանիայի կանցլերը, Կանադայի և Ավստրալիայի առաջին դեմքեըը:
Հարցն այստեղ այն է, թե մենք ինչպես կարող ենք զարգացնել ու նախապատրաստել Հայաստանի լավագույն երիտասարդ կանանց` որպես ապագա առաջնորդների:
Կարող է մեծ բան չթվալ, բայց առաջնորդների նմանատիպ ուսումնական դասընթացները լավ մեկնարկ են երիտասարդ կանանց ժողովրդավարության ու առաջնորդման հմտություններ սերմանելու համար:
ԱՄՆ դեսպանությունն ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը հպարտ են, որ աջակցում են այսպիսի ծրագրերի, և մենք աշխատում են Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հետ ընդլայնելու նմանատիպ դասընթացները:
Մեր ինքնահարգանքը մեծացնելու մեկ այլ միջոց կարող է լինել միմյանց նեցուկ լինելը: Տղամարդիկ միմյանց նեցուկ լինում են աշխարհի բոլոր երկրներում. կայացած տղամարդիկ օգնում են երիտասարդներին իրենց կարիերան կերտելիս: Ուզում եմ ավելի պարզ ասել. այստեղ ոչ մի բացասական բան չկա, երբ խոստումնալի մի երիտասարդի մեջ ավագ ընկերները տեսնում են այն, ինչ 20 տարի առաջ իրենց մոտ կար և ուզում են օգնել նրան և ճանապարհ հարթել նրա համար:
Միգուցե ծնունդով նույն տեղից են, կամ սովորել են նույն դպրոցում, երկրպագում են նույն թիմին. նրանք պատասխաններ են տալիս երիտասարդների հարցերին, խորհուրդներ են տալիս, բացում դռներ նրանց համար, օգնում հարցազրույցների պատրաստվելիս կամ առաջին ամենակարևոր աշխատանքը գտնելու հարցում:
Դե ինչ, կանայք նույնպես կարող են այսպես վարվել:
Քաղաքացիական հասարակության ակտիվիստ լինելը առաջնորդելու համար անհրաժեշտ հմտություններ ու կարողություններ ձևավորելու գերազանց հնարավորություն է: Վերջին հիսուն տարիների ընթացքում ԱՄՆ այսօրվա առաջնորդները, մասնավորապես կանայք ու փոքրամասնությունների ներկայացուցիչները ,թրծվել են հենց քաղաքացիական հասարակության կառույցներում: Պարզապես մի օրինակ. նախագահ Օբաման հանրային ծառայությունից է սկսել իր կարիերան` լինելով Չիկագո քաղաքում համայնքային կազմակերպիչ:
Վստահ եմ, որ այստեղ, ինչ-որ տեղ Հայաստանում հենց այս պահին կան հինգ կամ տասը կամ միգուցե ավելի ավելի շատ ապագա հայ Օբամաներ, ովքեր սովորում են, թե ինչպես պետք է կազմակերպել աշխատանքները համայնքներում, զարգացնում են իրենց շփման ու առաջնորդման հմտությունները և սովորում են, թե ինչպես է ժողովրդավարությունը գործում շարքային քաղաքացիների համար:
Մինչ Ձեր հարցերին անցնելը, կուզեի Ձեր ուշադրությունը բևեռել երեք մտքերի վրա.
Առաջինը վերաբերում է նրանց, ովքեր առաջին քայլերն են կատարում, Նայեք հայելուն: Ի՞նչ եք ուզում դառնալ: Երկրի նախագա՞հ: Նախարա՞ր: ՀԿ-ի ղեկավա՞ր, որ փոխում է հայկական հասարակությունը և դառնում օրինակ ապագա սերունդների համար: Նորամուծություններ բերող գործարա՞ր, որ ստեղծում է աշխատատեղեր և Հայաստանի տնտեսությունը փոխելու տնտեսական հնարավորություններ:Առաջինը վերաբերում է նրանց, ովքեր առաջին քայլերն են կատարում, Նայեք հայելուն: Ի՞նչ եք ուզում դառնալ: Երկրի նախագա՞հ: Նախարա՞ր: ՀԿ-ի ղեկավա՞ր, որ փոխում է հայկական հասարակությունը և դառնում օրինակ ապագա սերունդների համար: Նորամուծություններ բերող գործարա՞ր, որ ստեղծում է աշխատատեղեր և Հայաստանի տնտեսությունը փոխելու տնտեսական հնարավորություններ:
Կարևոր է, որ ինքներդ Ձեզ իմանաք, նախանշեք Ձեր ուղին ու չսահմանափակեք ինքներդ Ձեզ: Հիշեք դ-ր Հանթի խոսքերը, որ պետք է եռապատկել այն գնահատականը, որ դուք տվել եք Ձեր ունակություններին:
Գտեք մարդկանց, որոնց կուզեիք ընդօրինակել: Դա հատուկ ծրագիր չպիտի լինի. Ձեզ օգնող ավագ ընկերը դրանից նույն օգուտները կարող է քաղել (իսկ ԱՄՆ-ում այս կարգի հարաբերություններն ուղղակի ինքնաբուխ են ստացվում և հաճախ նույնիսկ պաշտոնապես չեն որակվում որպես ուղղորդում):
Երկրորդը վերաբերում նրանց, ովքեր արդեն որոշակի փորձառություն ունեն և ընդհանրապես նրանց, ովքեր առաջ են ընթանում իրենց կարիերայում. Փնտրեք և գտեք այն երիտասարդ, տաղանդավոր կանանց, որոնց դուք կուզեք օգնել: Հայաստանին պետք են իր բոլոր տաղանդները, և մենք պետք է աջակցենք, որպեսզի կարողունակ կանայք տեղ գտնեն առաջնորդների շարքերում` լինելով բուհական առաջնորդներ, քաղաքական գործիչներ, գործարարներ և ՀԿ ղեկավարներ: Ես կարծում եմ, որ անհրաժեշտ է այսպես վարվել և անգամ ավելին, երիտասարդ կանանց կայացման ճանապարհին Ձեր ցուցաբերած օգնությունը կարող է դառնալ Ձեր կարիերայի առավել գոհացնող դրվագներից մեկը:
Փոփոխությունները կանանց առաջ մղման ճանապարհին ԱՄՆ-ում, ինչպես նաև Հայաստանում այնքան արագ չեն կատարվում, ինչպես մենք կուզենայինք: Բայց մենք ապագան փոխելու կամք ու կորով ունենք, և ներկա գտնվող կանայք, հիմա այն տեղերից մեկում են, որտեղից սկսվում են փոփոխությունները:
Եվ երրորդ, ուզում եմ եզրափակել իմ սիրելի ամերիկյան քաղաքական գործիչներից մեկի Ռոբերտ Ֆ. Քեննեդիի խոսքով: Մի առիթով նա ասել է. «Քչերն են, որ կկարողանան փոխել պատմության ընթացքը, բայց մեզնից ամեն մեկը կարող է իր գործունեությամբ մի փոքր բան փոխել… Խիզախումի և հավատքի ահա այս անթիվ-անհամար փոքր քայլերն են, որ կերտում են մարդկության պատմությունը: Ամեն անգամ, երբ ինչ-որ մի մարդ [այստեղ մենք ակնհայտորեն կարող են ներառել նաև կանաց] կանգնում է հանուն մի գաղափարի, կամ փորձում է ինչ-որ մի բան բարելավել ի շահ բոլորի, կամ երբ անարդարության դեմ է դուրս գալիս, նա հույսի փոքրիկ պատառիկներ է արձակում և ահա խիզախումի այդ միլիոնավոր դրսևորումները միաձուլվում են ու դառնում մի հզոր հոսանք, որ կարող է սրբել-տանել է հալածանքի ու դիմադրության ամենակարող պատնեշները»:
Շնորհակալություն: Իսկ հիմա ես կպատասխանեմ Ձեր հարցերին:
|