Embassy Seal
US Department of State
U.S. Embassy in Armenia
  

EMBASSY OF THE UNITED STATES OF AMERICA
NEWS RELEASE

1 AMERICAN AVENUE
YEREVAN, ARMENIA
TELEPHONE (+374 10) 464700
FAX (+374 10) 464742
E-MAIL: USINFO@USA.AM

ԿՐՈՆԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑ 2008
Հայաստան

Կրոնի ազատությունն ամրագրված է Սահմանադրությամբ, սակայն օրենսդրությամբ կան որոշ սահմանափակումներ փոքրամասնական կրոնական խմբերին հարողների կրոնական ազատության նկատմամբ:

Ընդհանուր առմամբ, Կառավարությունը կրոնական ազատության նկատմամբ  գործող իրավական սահմանափակումները չի կիրառել: Այս զեկույցում արտացոլված ժամանակահատվածում Կառավարության կողմից կրոնական ազատության նկատմամբ հարգանքի մասով փոփոխություն չի եղել:  Եհովայի վկաների կողմից շարունակվել են ստացվել  հաղորդումներ, որ այլընտրանքային զինվորական ծառայությունից խուսափելու համար դատավորները իրենց դատապարտել են ազատազրկման ավելի երկար ժամկետով, քան նախկինում, սակայն պատիժը  եղել է օրենքով նախատեսվածի սահմաններում:

Եղել են հաղորդումներ հասարակական չարաշահումների և խտրականության վերաբերյալ կրոնական պատկանելիության, հավատքի և դավանանքի հիման վրա:

Կրոնական ազատության հարցը ԱՄՆ կառավարությունը քննարկում է Կառավարության հետ` մարդու իրավունքների ապահովման քաղաքականության համատեքստում:
Մաս I. Կրոնական ժողովրդագրությունը

Երկրի ընդհանուր տարածքը կազմում է 11,500 քառակուսի մղոն, իսկ բնակչությունը` 3.2 միլիոն:

Բնակչության շուրջ 98 տոկոսը կազմում են էթնիկ հայերը:  Ազգային ինքնությունը սերտորեն շաղկապված է Հայաստանյայց Եկեղեցու հետ: Երկրի բնակչության մոտ 90 տոկոսը անվանականորեն հարում են Հայաստանյայց Եկեղեցուն, որն արևելյան վեց հնագույն ավտոկեֆալ եկեղեցիներից մեկն է, որի հոգևոր կենտրոնը (Մայր Աթոռ) տեղակայված է  մայրաքաղաք Երևանից ոչ հեռու  գտնվող Էջմիածնի Մայր տաճարում ու վանքում:

Կան այլ կրոնական խմբերին հարող փոքր համայնքներ: Կրոնական փոքրամասնությունների քանակային կազմի ճշգրիտ հաշվառման տվյալներ չկան, իսկ ծխական համայնքների ներկայացուցիչների կողմից ներկայացվող տվյալներն էլ նշանակալիորեն տարբերվում են միմյանցից: Այս խմբերը, որոնք կազմում են բնակչության 5 տոկոսից պակաս մասը, ներառում են կաթոլիկներ` Հռոմեական կաթոլիկ եկեղեցու և Հայկական Մխիթարյան միաբանության հետևորդ կաթոլիկներ, ուղղափառ քրիստոնյաներ, հայ ավետարանչական եկեղեցու հետևորդ քրիստոնյաներ, մոլոկաններ, հիսունականներ,  յոթերորդ օրվա ադվենտիստներ,  բապտիստներ, «խարիզմատիկ» քրիստոնյաների տարբեր խմբեր, Եհովայի վկաներ, Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու հետևորդներ (մորմոններ),եզդիներ (եզիդիզմին հարող ոչ մահմեդական քրդեր), հրեաներ, սունի մահմեդական քրդեր, շիա մահմեդականներ,  բահայականներ և այլն:

Եզդիները հիմնականում կենտրոնացված են Արագած լեռանը հարող գյուղական բնակավայրերում` մայրաքաղաք Երևանից դեպի հյուսիս-արևմուտք: Հայ կաթոլիկները հիմնականում բնակվում են երկրի հյուսիսային շրջաններում, մինչդեռ հրեաները, մորմոնները, բահայականներն ու ուղղափառ քրիստոնյաները, ինչպես նաև հիմնականում շիա մահմեդականների փոքրիկ համայնքը` կազմված իրանցիներից ու Միջին Արևելքի երկրներից եկած ժամանակավոր բնակիչներից, բնակվում են Երևանում:

Մաս II. Կրոնական ազատության կարգավիճակը

Իրավական քաղաքական դաշտ

Սահմանադրությամբ ամրագրվում է կրոնական ազատությունը և կրոնական հավատքի դավանելու, այն ընտրելու կամ փոխելու իրավունքը: Այնուհանդերձ, այն  ճանաչում է «Հայաստանյայց Եկեղեցու` որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»: Սահմանադրությամբ ու Խղճի ազատության ու կրոնական կազմակերպությունների մասին  օրենքով սահմանվում է եկեղեցու և պետության տարանջատումը, սակայն Հայաստանյայց Եկեղեցուն շնորհվում է ազգային եկեղեցու պաշտոնական կարգավիճակ: Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին 2007թ. ապրիլին ընդունված օրենքը կարգավորում է պետության և Հայաստանյայց Եկեղեցու առանձնահատուկ հարաբերությունները և  որոշակի արտոնություններ է շնորհում Հայաստանյայց Եկեղեցուն, որոնք չեն գործում մյուս կրոնական խմբերի համար:

Այս օրենքի համաձայն պետությունը ճանաչում է եկեղեցու կանոնական ծեսով իրագործած ամուսնությունները, սակայն հաշվետու ժամանակահատվածի վերջում դեռևս չկային այդ դրույթի կենսագործումն ապահովելու համար անհրաժեշտ իրավական ակտերը: Օրենքը նաև իրավունք է վերապահում Հայաստանյայց Եկեղեցուն ունենալու մշտական հոգևոր ներկայացուցիչ հիվանդանոցներում, մանկատներում, տուն-ինտերնատներում, զորամասերում, ազատազրկման բոլոր տեսակի վայրերում, մինչդեռ Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին օրենքի համաձայն բոլոր կրոնական կազմակերպություններին իրավունք է վերապահվում ներկայացուցիչ ապահովել հիշյալ կառույցներում միայն այդպիսի խնդրանք լինելու դեպքում: Ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին օրենքով պաշտոնապես ճանաչվում է այն բարոյական ու էթնիկ/ազգային դերը, որ Հայաստանյայց Եկեղեցին փաստացի ունի հասարակության համար, քանզի քաղաքացիների մեծ մասը եկեղեցին համարում են ազգային ինքնության, պատմության ու մշակութային ժառանգության անբաժանելի մաս:  

Կառավարության կողմից որպես ազգային տոն նշվում է հունվարի 6-ը, այն օրը, երբ Հայաստանյայց Եկեղեցին տոնում է Սուրբ Ծնունդը:

Oրենսդրությամբ հասարակական կազմակերպությունների, այդ թվում և կրոնական խմբերի գրանցումը պարտադիր չէ, սակայն միայն գրանցված կազմակերպություններն են, որ ստանում են իրավաբանական անձի կարգավիճակ: Միայն գրանցված խմբերը կարող են հրատարակել 1000-ից ավել տպաքանակով թերթեր ու ամսագրեր, վարձակալել տարածք ժողովների համար, հեռարձակել հաղորդումներ հեռուստատեսությամբ կամ ռադիոյով, կամ պաշտոնապես հովանավորել իրենց այցելուների համար վիզաների ստացումը, սակայն առանձին անդամների համար այս հարցերում որևէ արգելք չկա:Գրանցման պայմաններին բավարարելու համար կրոնական կազմակերպությունները պետք է «զերծ լինեն նյութապաշտությունից և ուղղված լինեն դեպի զուտ հոգևոր ոլորտներն», ունենան առնվազն 200 հոգի չափահաս հետևորդներ ու առաջնորդվեն «պատմականորեն կանոնացված որևէ սուրբ գրքի» սկզբունքներով: Գրանցման այս պահանջները չեն վերաբերում ազգային փոքրամասնությունների կրոնական կազմակերպություններին: Կրոնական կազմակերպությունների գրանցումն իրականացվում է Պետական ռեգիստրում: Ազգային փոքրամասնությունների ու կրոնի հարցերի վարչությունը հետևում է կրոնական հարցերին և կատարում է փորձագիտական դեր գրանցման գործընթացում: Չեն եղել հաղորդումներ այն մասին, որ կառավարությունը մերժի օրենսդրությամբ նախատեսված գրանցման պայմանները բավարարող որևէ կրոնական խմբի գրանցումը:

Այլընտրանքային ծառայության մասին օրենքը թույլ է տալիս դավանական նկատառումներով զինվորական ծառայությունից խուսափող անձանց պետական հանձնաժողովի թույլտվությամբ մարտական զինվորական ծառայության փոխարեն անցնել ոչ-մարտական զինվորական կամ աշխատանքային ծառայություն: Օրենքը գործողության մեջ մտավ 2004թ. և տարածվում էր հետագա զորակոչիկների ու զորակոչից խուսափելու համար բանտում հայտնված անձանց վրա: Օրենքում կատարված փոփոխությամբ, որը գործողության մեջ մտավ 2006թ. հունվարին այլընտրանքային աշխատանքային ծառայությունից խուսափելը որակվեց որպես քրեորեն պատժելի արարք: Սակայն դավանական նկատառումներով զինվորական ծառայությունից խուսափող երիտասարդները շարունակում են պնդել, որ զինվորական հսկողության ներքո ընթացող այլընտրանքային աշխատանքային ծառայությունը վերածվում է անընդունելի զինվորական ծառայության:

Կրթության մասին օրենքով սահմանվում է, որ հանրակրթական դպրոցներում ուսուցումն աշխարհիկ է: Հանրակրթական դպրոցներում կարող են դասավանդել միայն Կառավարության կողմից արտոնված և վերապատրաստում անցած մասնագետները: Կրոնի պատմությունը ներառված է հանրակրթական առարկայացանկում և դասավանդվում է հանրակրթական դպրոցի մանկավարժ-ուսուցիչների կողմից: Առարկայական ծրագրի հիմքում Հայաստանյայց Եկեղեցու պատմությունն է. բազմաթիվ դպրոցներում տարրական դասարաններում դասավանդում են համաշխարհային կրոնների, իսկ միջին դասարաններում` Հայաստանյայց Եկեղեցու պատմություն: Բոլոր կրոնական խմբերն  իրենց հետևորդների ուսուցման համար կարող են կրոնի դասավանդման խմբեր ստեղծել` այդ նպատակի համար օգտագործելով իրենց պատկանող կամ  հատկացված շինությունները: Օրենքը Հայաստանյայց Եկեղեցուն իրավունք է վերապահում կամավոր հիմունքներով կրոն դասավանդել պետական կրթական հաստատություններում` այդ նպատակի համար օգտագործելով այդ հաստատությունների շինություններն ու ռեսուրսները:

Կրոնական ազատության սահմանափակումներ

Ընդհանուր առմամբ, Կառավարությունը կրոնական ազատության նկատմամբ գործող իրավական սահմանափակումները չի կիրառում: Այս զեկույցում արտացոլված ժամանակահատվածում Կառավարության կողմից կրոնական ազատության նկատմամբ հարգանքի մասով փոփոխություն չի եղել:

Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին օրենքով արգելվում է «հոգեորսությունը», բայց օրենքն այն չի սահմանում: Հոգեորսության արգելքը վերաբերում է բոլոր խմբերին, այդ թվում և Հայաստանյայց Եկեղեցուն: Գրանցված կրոնական կազմակերպությունների կողմից հաշվետու ժամանակաշրջանում հիմնականում չեն հնչել դժգոհություններ իրենց գործունեության ճանապարհին ի հայտ եկած լուրջ իրավական խոչընդոտների մասին:

Չնայած օրենսդրությամբ արգելում է արտերկրում հոգևոր կենտրոններ ունեցող եկեղեցիների արտաքին ֆինանսավորումը` Կառավարությունը չի կիրառել այս դրույթը:

2008թ. մայիս և հունիս ամիսներին կառավարամետ «Հայոց աշխարհ» ու «Գոլոս Արմենիի» օրաթերթերը հրապարակեցին հակահրեական ու հակամասոնական մեղադրանքներ` ընդդեմ նախկին նախագահ ու ընդդիմության ներկա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի: Տեղական դիտորդների գնահատմամբ այդ սադրիչ հոդվածներով փորձ էր արվում ընդդիմության առաջնորդին ներկայացնել որպես դավաճան ու հակահրեական տրամադրություններ հրահրել մի երկրում, որ ավանդաբար հայտնի է եղել հրեաների հանդեպ իր բարյացկամ վերաբերմունքով:  

2008թ. հունիսի 1-ին Հայաստանի պետական  Հ1 հանրային հեռուստատեսության շաբաթը մեկ թողարկվող «360 ժամ» լրատվավերլուծական ծրագրի եթերում մոտ 10 րոպեանոց մի հատված հեռարձակվեց, որի հիմնական կիզակետում ընդդիմության նսեմացումն ու ջլատումն էր: Տեսանյութում մարմնավորված էին  «Հայոց աշխարհ» ու «Գոլոս Արմենիի» օրաթերթերի հակահրեական ու հակամասոնական hարձակումները:

2008թ. փետրվարի 27-ին Հ1-ի լրատվական ծրագիրը ներկայացրեց նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցող ընդդիմության հանրահավաքը և  Լևոն Տեր-Պետրոսյանին, որի կինը ազգությամբ հրեա է, անարգելու նպատակով տեսանյութը հիմնականում կենտրոնացված էր Իսրայելի դրոշի շուրջ, որ հանրահավաքի մասնակիցների ձեռքին էր ի թիվս  շատ այլ երկրների դրոշների:

2008թ. մայիսի 15-ին Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը չեղյալ համարեց Երևանի Դավթաշեն համայնքի Խնամակալության ու հոգաբարձության հանձնաժողովի որոշումը, որով առաջարկվում էր, որ Եհովայի վկաների մի անդամ զրկվի ծնողական իրավունքից` իր կրոնական պատկանելության պատճառով:

2008թ. ապրիլին Եհովայի վկաները վճարելով ողջ գումարը մաքսազերծեցին կրոնական գրականությունը, որը 2007 թ-ի մարտին մաքսային պաշտոնյաները գնահատել էին շատ ավելի բարձր, քան ակնկալում էին Եհովայի վկաները, և հայց ներկայացրեցին վարչական դատարան: Հաշվետու ժամանակահատվածի ավարտին դատարանը դեռ վճիռ չէր կայացրել:  

Դավանական նկատառումներով զինվորական ծառայությունից խուսափողները շարունակում էին Զինկոմիսարիատից անհրաժեշտ փաստաթղթերի ստացման հետ կապված դժվարությունների հանդիպել: 

Կրոնական ազատության չարաշահումներ

Եհովայի վկաները դժգոհում էին, որ դատարանները նախորդ հաշվետու ժամանակահատվածի համեմատ շարունակել են ավելի խիստ պատժաչափեր կիրառել այլընտրանքային ծառայությունից խուսափողների հանդեպ: 2007թ. հուլիսի 1-ից մինչև 2008թ. հունիսի 30-ը դատապարտված 36 Եհովայի վկաներից 19-ի համար սահմանվել է 30 ամսվա ազատազրկում, իսկ 3 հոգու պատժաչափը կազմել է 36 ամիս, որն օրենքով սահմանված առավելագույն պատիժն է: Մնացած 14 հոգու համար սահմանված ազատազրկման ժամկետը եղել է 22-ից 27 ամսվա միջակայքում:

Եհովայի վկաների երևանյան առաջնորդների հաղորդմամբ հաշվետու ժամանակահատվածի ավարտին բանտում էին գտնվում Եհովայի վկաների 78  հետևորդներ, ովքեր դավանական կամ կրոնական նկատառումներով հրաժարվել էին զինվորական ծառայությունից կամ այլընտրանքային աշխատանքային ծառայությունից: Եհովայի վկաների նեկայացուցիչները փաստում էին, որ ազատազրկված բոլոր անձինք հնարավորություն ունեին բանտի փոխարեն ընտրել այլընտրանքային աշխատանքային ծառայությունը, սակայն նրանք հրաժարվել են դրանից, քանի որ այլընտրանքային ծառայության նկատմամբ վարչական հսկողությունը շարունակվում էր մնալ զինվորականների ձեռքին:

Բացառությամբ Եհովայի վկաների, որոնք խուսափում էին զինվորական ծառայությունից դավանական նկատառումներով, երկրում կրոնական հիմքով բանտարկյալների մասին հաղորդումներ չեն եղել:

Հարկադիր կրոնափոխություն

Հարկադիր կրոնափոխության դեպքեր չեն գրանցվել, այդ թվում և ԱՄՆ անչափահաս քաղաքացիների շրջանում, որոնց առևանգել կամ ապօրինի հեռացրել են Միացյալ Նահանգներից. չեն եղել նաև այնպիսի դեպքեր, երբ այդ քաղաքացիներին թույլ չի տրվել վերադառնալ Միացյալ Նահանգներ:

Մաս III. Հասարակական չարաշահումներ ու խտրականություն

Եղել են հաղորդումներ հասարակական չարաշահումների և խտրականության վերաբերյալ կրոնական պատկանելիության, հավատքի և դավանանքի հիման վրա: Հասարակության վերաբերմունքը փոքրամասնական կրոնների նկատմամբ հակասական է: Թեպետ շատերը հավատացյալներ չեն, սակայն ազգային ինքնության և Հայաստանյայց Եկեղեցու միջև կապն ամուր է:

Որոշ դիտորդներ հայտնում են, որ հասարակությունը բացասական է տրամադրված փոքրամասնական կրոնական խմբերի, մասնավորապես` Եհովայի վկաների նկատմամբ, քանի որ վերջիններս հրաժարվում են զինվորական ծառայությունից, իրականացնում են քարոզչություն, որն այնքան էլ հասկանալի չէ, և կա նաև լայն տարածված, բայց ոչ հիմնավոր կարծիք, որ նրանք ծայրահեղ աղքատներին փող են տալիս հավատափոխ անելու նպատակով: Ժամանակ առ ժամանակ փոքրամասնական կրոնական խմբերը  շարունակել են մնալ որպես Հայաստանյայց Եկեղեցու կղերականների թշնամական քարոզչության թիրախ, իսկ հասարակության կողմից փոքրամասնական կրոնական խմբերի հետևորդների նկատմամբ դրսևորվել է խտրական վերաբերմունք և անհանդուրժողականություն:  

2008թ. մայիսի 5-ին Եհովայի վկաների մի կին հետևորդ հայտնել է ոստիկանությանը, որ մի տղամարդ հարձակվել է իր վրա, երբ ինքն ու Եհովայի վկաների մեկ այլ հետևորդ մոտեցել են նրան ու առաջարկել քննարկել Աստվածաշունչը: Հաշվետու ժամանակահատվածի ավարտին ոստիկանությունը դեռ չէր արձագանքել նրա բողոքին:

2008թ. փետրվարի 21-ին Եհովայի վկաների հաղորդմամբ,  իբր Հայ առաքելական եկեղեցու քահանա ոմն Նվեր Մելքոնյան ֆիզիկապես հարձակվել է իրենց հետևորդներից մեկի վրա Սիսիանում, երբ վերջինս նրան առաջարկել է քննարկել Աստվածաշունչը: Եհովայի վկաների հարձակման ենթարկված անդամը դիմել է ոստիկանությանը, գլխավոր դատախազին, մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի իշխանությունները պատժեն այդ մարդուն: Ոստիկանությունը հրաժարվել է գործ հարուցել, քանի որ Մելքոնյանը հերքել է հարձակման փաստը: Եհովայի վկաները հայտնում են, որ 2007թ. հուլիսին Մելքոնյանը երկու այլ առիթներով ևս հարձակվել է իրենց հետևորդների վրա, սակայն նրանք պաշտոնապես բողոք չեն ներկայացրել: Հայաստանյայց Եկեղեցին հերքել է Մելքոնյանի Հայաստանյայց Եկեղեցու հետ կապ ունենալու հանգամանքը:

Ըստ հաղորդումների 2007թ. հուլիսի 31-ին Երևանում պաշտոնական ծառայության ընթացքում չգտնվող ոստիկանության մի աշխատակցի ու նրա եղբոր կողմից ծեծի է ենթարկվել մի մարդ, որը Եհովայի վկաների հետևորդներից էր: Ծեծին ականատես տղամարդն ու նրա կինը հայտնել են այդ մասին ոստիկանությանը, գլխավոր դատախազին, մարդու իրավունքների պաշտպանին: Ըստ հաղորդումների ոստիկանությունը գործը կարճել է` ապացույցների բացակայության հիմքով:

Հաշվետու ժամանակահատվածի ընթացքում «Մեկ ազգ կուսակցություն» կոչվող խումբ Եհովայի վկաներին դատապարտող ու մարդկանց աղանդների մասին զգուշացնող պաստառներ էր փակցնում Երևանում:

2008թ. փետրվարի նախագահական ընտրությունների նախաշեմին անհայտ հակաընդդիմական մի կազմակերպություն Երևանում բաժանել էր թվային տեսասկավառակներ, որտեղ ընդդիմության առաջատար թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ ուղղված հակահրեական մեղադրանքներ, մակդիրներ ու ակնարկներ կային: Այդ պնդումները ընդդիմության թեկնածուի կնոջ հրեական ծագումը շահարկող զրպարտանքներ էին, որոնց համաձայն թեկնածուն համագործակցում էր Իսրայելի կառավարության ու մյուսների հետ «սիոնիստական դավադրությամբ» պետությունը ջլատելու նպատակով: Թվային տեսասկավառակի որոշ կադրեր ցուցադրվեցին մի մասնավոր հեռուստաընկերության կողմից, որի հաղորդումները սփռվում են երկրով մեկ:

2007թ. դեկտեմբերի 17-ին հրեական համայնքի անդամները 14 ամիս առաջ բացված հայկական և հրեական ողբերգությունների զոհերի հիշատակը հավերժացնող համատեղ հուշարձանի հրեական կողմում հայտնաբերել են փոքրիկ կեռախաչի նկար: Հրեական համայնքը սա որակեց որպես պատահական արարք:

ԶԼՄ-ները շարունակում են Հայաստանյայց Եկեղեցուց զատ բոլոր այլ հարանվանություններն իրենց հեռարձակումներում որակել որպես «աղանդներ» և բացասական ծրագրեր են ներկայացնում դրանց վերաբերյալ: Տարբեր հեռուստաընկերությունների եթերով ներկայացվել են քննարկումներ, որոնց ժամանակ Հայաստանյայց Եկեղեցու ներկայացուցիչների և/կամ այլ մասնակիցների կողմից փոքրամասնական կրոնական խմբերը որակվել են որպես պետության ու ազգի միասնականության թշնամիներ:

Մաս IV. ԱՄՆ կառավարության քաղաքականությունը

Կրոնական ազատության հարցը ԱՄՆ կառավարությունը քննարկում է Կառավարության հետ` մարդու իրավունքների ապահովման քաղաքականության համատեքստում: Այս հաշվետու ժամանակահատվածում ԱՄՆ կառավարությունը շեշտել է, որ Հազարամյակի մարտահրավեր ծրագրով աջակցության պայմաններին շարունակաբար բավարարելը պայմանավորված է արդարացի կառավարման ցուցանիշների ուղղությամբ Կառավարության գործունեությամբ, որը նաև ներառում է կրոնական ազատության նկատմամբ հարգանքը:

ԱՄՆ դեսպանության պաշտոնյաները մշտապես կապ են պահպանել Կաթողիկոսի (Հայաստանյայց Եկեղեցու առաջնորդի) հետ Էջմիածնում և երկրի այլ կրոնական և էկումենիկ խմբերի առաջնորդների հետ: Դեսպանությունը կանոնավոր կապ է պահպանել այլ երկրներում կենտրոններ ունեցող կրոնական խմբերի տեղի ու կարճաժամկետ այցեր կատարող տարածաշրջանային ներկայացուցիչների հետ  և, անհրաժեշտության դեպքում, նրանց հուզող հարցերը բարձրացրել Կառավարության առջև: ԱՄՆ պաշտոնյաները նաև հրապարակավ դատապարտեցին ու կոչ արեցին Կառավարությանը անհապաղ վերջ տալ Հայաստանի պետական Հ1 հանրային հեռուստատեսության եթերից Տեր-Պետրոսյանին ու նրա կնոջն ուղղված հակահրեական հարձակումներին:

 

  
— KEY EMBASSY LINKS —

— U.S. Government Reports —

— Other Information —

American Corners' Logo
Get Free Adobe Reader

This website contains PDF documents. To read them, Get Adobe Reader!


Embassy of the United States