ԶԵԿՈՒՅՑ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻԿԻՆԳԻ ՄԱՍԻՆ 2008Թ. ՀԱՅԱՍՏԱՆ. ԽՈՒՄԲ 2 - ՀԱՏՈՒԿ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՑՈՒՑԱԿ
Հայաստանը հիմնականում հանդիսանում է սեռական կոմերցիոն շահագործման նպատակով կանանց ու աղջիկներին Միացյալ Արաբական Էմիրություններ (ՄԱԷ) և Թուրքիա տեղափոխելու սկզբնաղբյուր երկիր: Աշխատանքային շահագործման նպատակով իրականացվում է հայ կանանց և տղամարդկանց թրաֆիկինգ դեպի Ռուսաստան և Թուրքիա: Համաձայն ԵԱՀԿ-ի`գրանցվել է մի դեպք, երբ սեռական շահագործման նպատակով Հայաստան են փոխադրվել ուկրաինացի ու ռուս աղջիկներ: ՄԱԷ փոխադրվող զոհերը սովորաբար ինքնաթիռով Երևանից ուղղակիորեն կամ Մոսկվայով գնում են Դուբայ, իսկ Թուրքիա փոխադրումները հիմնականում կատարվում են ավտոբուսով` Վրաստանի տարածքով: Հայ իրավապահների հաղորդումների համաձայն վերջնակետ երկիր են հանդիսանում նաև Բահրեյնը, Կատարն ու Քուվեյթը, սակայն այդ երկրների վերջնակետ լինելու հետ կապված որևէ պաշտոնական գործ ի հայտ չի եկել:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի ապահովում թրաֆիկինգի վերացմանն ուղղված նվազագույն ստանդարտները, չնայած նշանակալի աշխատանքներ է կատարում դրանց կենսագործման նպատակով: Արդեն չորրորդ տարին անընդմեջ Հայաստանը տեղ է գտնում երկրների դասակարգման սանդղակի երկրորդ խմբի հատուկ վերահսկման ցուցակում, որովհետև նվազագույն ստանդարտների ապահովմանն ուղղված աշխատանքների աշխուժացումը գնահատվել է ըստ այն հանձնառությունների, որ երկիրը ստանձնել է ձեռնարկել առաջիկա տարում, մասնավորապես` զոհերի պաշտպանության ու նրանց աջակցության ցուցաբերման ոլորտներում: Չնայած կառավարությունը հակաթրաֆիկինգային աշխատանքների մասով պատասխանատվությունը բարձրացրել է նախարարական մակարդակի, ընդունել գործողությունների նոր ազգային ծրագիր ու մշակել է ուղղորդման ազգային մեխանիզմի նախագիծը, այն դեռ պետք է շոշափելի առաջընթաց ցույց տա զոհերի հայտնաբերման ու պաշտպանության կամ թրաֆիկինգում կառավարության պաշտոնյաների հանցակցության բացահայտման հարցերում:
Հանձնարարականներ Հայաստանին
լրջորեն զբաղվել թրաֆիկինգի հետ կապված կոռուպցիայի վերացմամբ` խստորեն հետաքննելով ու քրեական կարգով հետապնդում իրականացնելով հանցակից պաշտոնյաների հանդեպ. ապահովել, որ թրաֆիկինգ իրականացնողները դատապարտվեն համարժեք ժամկետով ազատազրկման ու փաստացի կրեն սահմանված պատիժը. Հայաստանի բոլոր սահմանային անցակետերում ակտիվորեն ներդնել զոհերի ուղղորդման նոր ազգային մեխանիզմը` հասարակական կազմակերպությունների ու միջազգային հանրության փորձի կիրառմամբ. ֆինանսավորում տրամադրել թրաֆիկինգի զոհերին օգնություն ցուցաբերող պետական հաստատություններին ու հասարակական կազմակերպություններին. իրականացնել սահմանապահների ուսուցում, որպեսզի կարողանան ավելի լավ բացահայտել թրաֆիկինգի զոհերին. մեծացնել իրազեկման աշխատանքները` միտված երկրի իրավապահների ու հասարակության շրջանում թրաֆիկինգի զոհերի նկատմամբ տիրող բացասական վերաբերմունքի փոխմանը:
ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ
Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի կառավարությունը նկատելի դրական տեղաշարժեր է ունեցել թրաֆիկինգի դեմ պայքարի իրավապահ աշխատանքներում, սակայն այն չի ներկայացրել ապացույցներ թրաֆիկինգի մեջ հանցակից պաշտոնյաների հանդեպ կատարվող քննությունների, քրեական կարգով հետապնդման կամ նրանց դատապարտման վերաբերյալ: Հայաստանում քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածով արգելվում է մարդկանց թրաֆիկինգը թե´ սեռական, թե´ աշխատանքային շահագործման նպատակով, և այդ հանցանքի համար նախատեսվում է 3-15 տարվա ազատազրկում, ինչը բավականաչափ խիստ է և համահունչ է մյուս ծանր հանցանքների համար նախատեսված պատժաչափերի հետ: 2007թ. ընթացքում կառավարությունը հետաքննել է սեռական ու աշխատանքային թրաֆիկինգի 14 գործ: Քրեական կարգով հետապնդում է իրականացվել 8 կասկածյալների հանդեպ, իսկ թրաֆիկինգի հանցակազմով ընդհանուր առմամբ դատապարտվել են 11 հոգի, որոնց համար սահմանված պատժաչափերը եղել են ազատազրկում` 1-ից 8 տարվա սահմաններում, և տույժեր: Թրաֆիկինգ իրականացնողները պատժաչափի կեսը ազատազրկման վայրում անցկացնելուց հետո իրավասու են բանտից ազատ արձակման, ու վաղաժամկետ ազատումը սովորաբար կիրառվում է: 2007թ. ընթացքում ԵԱՀԿ կատարած գնահատման համաձայն Հայաստանում թրաֆիկինգի հանցակազմով դատապարտվող անձանց միայն մի փոքր մասն է ստանում խիստ պատիժ: Թեպետ թրաֆիկինգի զոհերը կարող են փոխհատուցում պահանջել իրենց գործի շրջանակում կամ առանձին քաղաքացիական հայցի միջոցով, սակայն հայկական դատարանները շարունակել են մերժել այդ հայցերը: 2007թ. նոյեմբերին դատարանը մերժեց դատապարտված թրաֆիկինգ իրականացնողին զոհի կողմից ներկայացված 1110 ԱՄՆ դոլար վնասի փոխհատուցում տրամադրելու հայցը. թրաֆիկինգ իրականացնողը ծեծի ու տանջանքների էր ենթարկել զոհին` վերջինիս փախուստը կանխելու նպատակով. հարկադրաբար մարմնավաճառությամբ զբաղվելու արդյունքում զոհը վարակվել էր տուբերկուլյոզով: Այս գործով թրաֆիկինգ իրականացնողներից մեկին դատարանը դատապարտեց, սակայն նրա հայտնի հանցակցին մեղադրանք չներկայացվեց:
Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը խոչընդոտել է քննություններ վարել Հայաստանից Թուրքիա թրաֆիկինգի ենթարկված անձանց հետ կապված: Կառավարությունն ակտիվորեն համագործակցել է Ինտերպոլի հետ` փորձելով հետաքննել երկու երկրներին առնչվող թրաֆիկինգային հանցագործությունները. 2007թ. կառավարությունը Թուրքիայում հայտնաբերել է թրաֆիկինգ իրականացնող մի հայի և այդ անձին Հայաստան վերադարձնելու ու նրա հանդեպ քրեական հետապնդում իրականացնելու կառավարության աշխատանքները դեռ ընթացքի մեջ են: Թեպետ կառավարությունը երկկողմ հակաթրաֆիկինգային համաձայնագրեր ունի ՄԱԷ-ի հետ, սակայն այս գործիքներն հազվադեպ են օգտագործվում ՄԱԷ-ի հետ կապեր ունեցող թրաֆիկինգային գործերի քննության նպատակով: Կառավարությունը դեռ տեղեկություններ չի տրամադրել թրաֆիկինգի համար դատապարտված անձի փախստյան հանգամանքների մասին ու դրա հետ առնչություն ունեցող անձնակազմի նկատմամբ կարգապահական միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
2007թ. Հայաստանի կառավարությունը որոշ առաջընթաց է ցուցադրել թրաֆիկինգի զոհերի պաշտպանության հարցում. ընդհանուր առմամբ դեռ պետք է կյանքի կոչվեն շոշափելի դրական տեղաշարժեր: Կառավարությունը չի տրամադրել ֆինանսական կամ նյութական աջակցություն հակաթրաֆիկինգային աշխատանքներ իրականացնող հասարակական կազմակերպություններին: Թեպետ կառավարությունը նշանակալի ձեռքբերում է ունեցել` մշակելով վաղուց խոստացված ազգային ուղղորդման մեխանիզմի նախագիծը, սակայն այն դեռ պետք է ներդրվի: Կառավարության տվյալներով 2007թ. թրաֆիկինգի զոհերի թիվը կազմել է 147 հոգի, սակայն սա կարծես թե ներառում է նաև անօրինական փոխադրումներին ու մարմնավաճառությանը վերաբերող տվյալներ: Զոհերի պաշտպանությանն ուղղված կառավարության աշխատանքներին շարունակում է խոչընդոտել զոհերի պատշաճ նույնականացման միասնական չափորոշիչների բացակայությունը. 2007թ. ընթացքում իրավապահների կողմից հասարակական կազմակերպություններ են ուղղորդվել միայն 17 զոհ, սակայն նախորդ տարվա 8-ի համեմատ ցուցանիշը աճել է: 2007թ. ընթացքում զոհերից մեկն ապահովվել է բնակարանով աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող ծրագրի շրջանակում. աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը միանվագ աղքատության նպաստ է տրամադրել թրաֆիկինգի երկու զոհերի, աջակցել է որոշ զոհերի աշխատանքի տեղավորման հարցերում և մի զոհի օգնել է տեղավորվել ծերանոցում: 2007թ. մայիսին կառավարությունն ակտիվորեն աշխատել է մի հասարակական կազմակերպության հետ` ապահովելու Վրաստանում գտնվող թրաֆիկինգի երկու հայ զոհերի ազատ արձակումն ու վերադարձը Հայաստան:
Հայկական օրենսդրությամբ ուղղակիորեն թրաֆիկինգի ենթարկվելու արդյունքում թույլ տված անօրինական գործողությունների համար զոհերի նկատմամբ պատժի չկիրառումը միանշանակ սահմանված չէ, սակայն գործնականում նրանց նկատմամբ պատիժ չի կիրառվում: Զոհերի/վկաների պաշտպանության համապատասխան մեխանիզմների բացակայությունը խոչընդոտում է քրեական կարգով հետապնդում իրականացնելու Հայաստանի աշխատանքներին. շատ դիտորդներ նշում են, որ թրաֆիկինգի զոհերը չեն կամենում ցուցմունք տալ ոստիկանությանը, քանի որ չկան կառավարության կողմից խրախուսող միջոցներ այսպիսի ռիսկի գնալու դեպքում: Ավելին, չի խրախուսվել զոհերի մասնակցությունը քննություններին ու քրեական կարգով հետապնդումներին: 2007թ. ապրիլին ԵԱՀԿ կատարած գնահատման համաձայն հայկական օրենսդրությամբ ապահովվում է թրաֆիկինգ իրականացնող անձանց դեմ ցուցմունք տվող զոհերի պաշտպանությունը. այնուհանդերձ, այսպիսի աջակցություն հազվադեպ է ապահովվում:
ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ
2007թ. ընթացքում Հայաստանը բարելավել է հակաթրաֆիկինգային կանխարգելման իր աշխատանքները: Կառավարությունը հաստատել է թրաֆիկինգի դեմ պայքարի իր երկրորդ ազգային ծրագիրը 2007-2009թթ. համար, փոխել է միջգերատեսչական կառուցվածքը` բարձրացնելով իր հակաթրաֆիկինգային հանձնաժողովի մակարդակը մինչև նախարարական: Կառավարությունը հատկացրել է 33000 ԱՄՆ դոլար առաջիկա տարվա ընթացքում կանխարգելմանն ուղղված աշխատանքների իրականացման համար, որոնց շարքում նախատեսվում է աշխատանքային թրաֆիկինգի մասին փաստագրական ֆիլմի նկարահանում և երկու իրազեկիչ հոլովակների պատրաստում: 2007թ. առողջապահության նախարարությունը կազմակերպել է քննարկումներ հայ բժիշկների հետ` բարձրացնելու իրազեկությունը թրաֆիկինգի զոհերի հատուկ կարիքների վերաբերյալ: Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը բնակարանով է ապահովել մանկատան 20 սաների, մի խումբ, որ ծայրաստիճան խոցելի է` թրաֆիկինգ իրականացնողների կողմից հավաքագրվելու տեսանկյունից:
|