Դեսպան Մարի Լ. Յովանովիչի ելույթը Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հակակոռուպցիոն համաժողովում
Կառավարության, հասարակական կազմակերպությունների և մամուլի դերը կոռուպցիայի դեմ պայքարում. երկամյա ծրագրի ընթացքում քաղած դասերը 15 դեկտեմբերի, 2008թ.
Բարև Ձեզ:
Պարոնայք Բադալյան, Զարուբին, Տեր-Գաբրիելյան, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, միջազգային հանրության գործընկերներ, մամուլի ներկայացուցիչներ, պատվարժան հյուրեր, տիկնայք և պարոնայք,
Դուք կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկներն եք, և այսօր ինձ համար պատիվ է գտնվել այստեղ` Ձեզ հետ միասին քննարկելու, թե այս հարցում ինչ դեր ունեն կառավարությունները, հասարակական կազմակերպությունները, լրատվամիջոցներն ու շարքային քաղաքացիները և այն ամուր գործընկերությունը, որ պետք է լինի նրանց միջև կոռուպցիայի դեմ պայքարում հաջողության հասնելու համար:
Հայտնի ամերիկյան քաղաքական առաջնորդ Ռոբերտ Ֆ. Քենեդին, ով իմ անձնական կուռքերից մեկն է, մի առիթով ասել է. «Օրենքները կարող են արտացոլել չափանիշները, կառավարությունները կարող են ապահովել օրենքների կիրառումը, սակայն վերջին խնդիրը կառավարության խնդիրը չէ: Դա խնդիր է մեզնից յուրաքանչյուրի համար: Ամեն անգամ, երբ մենք շուռ ենք գալիս, որ չտեսնենք, որ օրենքը խախտվեց. երբ մենք հանդուրժում ենք այն, ինչ սխալ է. երբ մենք փակում ենք մեր աչքերն ու ականջները` չտեսնելու ու չլսելու տալու կոռուպցիան, քանի որ շատ ենք զբաղված կամ վախենում ենք, երբ մենք լռում ենք ու չենք բարձրաձայնում խնդիրը. մենք հարված ենք հասցնում ազատությանը, արժանապատվությանն ու արդարադատությանը»: Սա շատ դիպուկ դիտարկում է, քանի որ ցույց է տալիս, որ կոռուպցիայի դեմ պայքարը ոչ միայն կառավարության ու իրավապահների խնդիրն է, այլ ամբողջ հասարակության` լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության, շարքային քաղաքացիների, ուսուցիչների, երեխաների, քաղաքացիական ծառայողների, քաղաքական գործիչների, գործարարների, և իմ ու քո խնդիրը:
Կոռուպցիան միայն մի երկրի կամ մի տարածաշրջանի խնդիր չէ: Միացյալ Նահանգներում էլ մենք անընդհատ գտնվում ենք կոռուպցիայի դեմ անվերջանալի պայքարում: Հենց այս տարվա հոկտեմբերին Հանրապետական կուսակցության բարձրաստիճան ու ազդեցիկ անդամներից մեկը` ԱՄՆ սենատոր Թեդ Սթիվենսը դատապարտվեց կոռուպցիայի ու հարկերից խուսափելու համար` յոթ դրվագներով, և կարող էր բանտարկվել: Իսկ անցած շաբաթ Իլինոյսի նահանգապետ Ռոդ Բլագոևիչը մեղադրվեց բարձր պաշտոնների ու քարոզարշավի հատկացումների համար դոնորներից և քաղաքական գործիչներից միջոցներ շորթելու նպատակով էլեկտրոնային փոխանցումների հետ կապված խարդախության ու կաշառք ընդունելու առաջարկների հարցում հանցավոր համաձայնության գալու համար, ընդ որում դա նաև կապված էր սենատում նորընտիր նախագահ Օբամայի տեղի հետ: 2005 և 2006թթ. կոռուպցիայի մի խայտառակ դեպք ԱՄՆ-ում կապված էր Վաշինգտոնում հայտնի լոբբիստ Ջեք Աբրամոֆի հետ, ով գործի ծավալուն քննությունից հետո, որը լայնորեն լուսաբանվում էր լրատվամիջոցներում, 12 այլ անձանց հետ միասին դատապարտվեց հանցավոր համաձայնության գալու, հարկերից խուսափելու և կոռուպցիայի համար: Աբրամոֆի գործով դատապարտված պաշտոնյաների թվում էին հանրապետական կոնգրեսմեն Բոբ Նեյը և Ներքին գործերի փոխքարտուղար Սթիվեն Գրիլսը: Այս գործերում ներգրավված էին թե ամերիկյան խոշոր քաղաքական կուսակցություններ, թե ԱՄՆ կառավարության բարձրաստիճան ու ազդեցիկ պաշտոնյաներ: Եվ այս օրինակները ԱՄՆ-ում հետաքննված վերջին երեք տարվա ընթացքում կոռուպցիայի խոշոր դեպքերից միայն մի քանիսն են: Ցավոք, մենք ԱՄՆ-ում ծանոթ ենք կոռուպցիայի պրոբլեմին: Սա ամոթալի երևույթ է: Սա սխալ է: Եվ որ ամենավատն է, ամեն անգամ կոռուպցիայից տուժում է հանրությունը, քանի որ այդ դեպքում որոշումները կայացվում են հօգուտ մի անձի գրպանի կամ դրամապանակի, և ոչ թե հօգուտ հանրային բարօրության:
Սակայն տարբերվում են մեր մոտեցումները այս խնդրի հանդեպ. մենք հասկանում ենք, որ կոռուպցիան մարդկային թուլություն է: Իսկ այդ խայտառակ դրսևորումները մենք չենք համարում ապացույց առ այն, որ մեր համակարգը չի գործում… ընդհակառակը, դրանք ցույց են տալիս, որ համակարգը գործում է: Եթե մի կողմ թողնենք Բլագոևիչի գործը, որի քննությունը դեռ շարունակվում է, մնացած բոլոր դեպքերում կոռուպցիոն դրսևորումները բացահայտվել են, հետաքննվել, իսկ մեղավորները պատժվել են` անկախ այն հանգամանքից, թե ինչքան բարձր պաշտոն են զբաղեցրել, կամ էլ ինչքան ազդեցիկ են եղել: Այս գործերի մեծ մասը բացահայտել են անկախ լրատվամիջոցների հետաքննող լրագրողները: Ու ամեն մի այսպիսի դրսևորումից հետո, մենք դասեր ենք քաղել: Մենք կատարելագործում ենք մեր օրենքները, ամրապնդում ենք մեր համակարգն ու ամենօրյա կառավարման գործընթացները, որպեսզի դժվարանա կոռուպցիայի դրսևորումը:
Այս դեպքերը նաև մեզ օգնում են ավելի խորապես գիտակցել, որ կոռուպցիան մի այնպիսի խնդիր չէ, որ կառավարությունը միայնակ կարող է լուծել: Ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ այստեղ Հայաստանում կոռուպցիան լայնամասշտաբ մարտահրավեր է, որ պահանջում է համախմբված մոտեցում, որը կներառի այնպիսի կառավարման համակարգերի ու քաղաքականության մշակում և իրականացում, որոնց ներքո դժվար իրագործելի կլինի ցանկացած կոռուպցիոն դրսևորում և մեծ կլինեն այդպիսի դրսևորումների բացահայտման հնարավորությունները: Կոռուպցիայի դեմ հաջող պայքարի համար պահանջվում են հետևողական հետաքննություններ ու դատական կարգով հետապնդումներ, որոնցից կբխեն համարժեք հետևանքներ կոռուպցիոն դրսևորումների համար, քաղաքացիական հասարակության ներգրավվածություն և ակտիվ ու պատասխանատու անկախ լրատվամիջոցներ, որոնք կարող են ներկայացնել կոռուպցիային վերաբերող խնդիրները և նպաստել հետաքննիչների ու դատախազների աշխատանքին:
Քաղաքացիական հասարակությունն ու արհեստավարժ, պատասխանատու և հավասարակշռված հետաքննող լրագրողները կոռուպցիայի դեմ պայքարում մեր լավագույն զենքն են: Նրանք անկախ են, ու տեսնում, լսում և ներկայացնում են խնդիրները այնպես, որ ոստիկանության հետաքննիչները կամ դատախազները չեն կարող: Նրանք նաև անկախ ու հուսալի տեղեկատվության կարևոր աղբյուր են պետական պաշտոնյաների համար ու կարող են մատնանշել, թե ինչքան լավ կամ վատ են իրագործվում իրենց հակակոռուպցիոն ծրագրերը ստորադաս օղակներում: Այդ իսկ պատճառով ցանկացած անհիմն հարձակում` ֆիզիկական կամ այլ, հասարակական կազմակերպությունների կամ լրատվամիջոցների նկատմամբ այդքան անհանգստացնող է, քանի որ կառավարությունը պարտավոր է ապահովել ոչ միայն այն, որ մենք բոլորս կատարենք օրենքով նախատեսված մեր պարտավորությունները, այլ նաև պաշտպանել մեր իրավունքները:
Այսօր Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում կոնկրետ առաջընթացը մնում է սահմանափակ` չնայած կառավարության ու քաղաքացիական հասարակության ջանքերին: Ավելին, Թրանսփարենսի Ինթերնեշընըլ կազմակերպության գնահատումներով 2008թ. Հայաստանում կոռուպցիայի ընկալման համաթիվը ցույց է տալիս, որ իրավիճակը վատթարացել է: Հայաստանը շարունակում է ընկալվել որպես մի վայր, որտեղ մշտապես կոռուպցիայի մակարդակը բարձր է, և որտեղ վարչական ու իրավական արգելքներն և կոռումպացված ու կամայական դատաիրավական համակարգը խոչընդոտում են տեղական ու օտարերկրյա ներդրումներին, տնտեսական աճին և նպաստում տնտեսական արտագաղթին:
Կոռուպցիան չի փոխվում, քանի դեռ վերևից լուրջ ազդանշաններ չկան. ոչ թե ուղղակի խոսակցություններ կոռուպցիայի դեմ պայքարելու մտադրությունների մասին, այլ գործողություններ, որոնք ցույց կտան, որ կոռուպցիայում ներգրավված մարդկանց համար կլինեն լուրջ հետևանքներ, անկախ այն հանգամանքից, թե ինչ հարստության տեր են, ինչքան ազդեցիկ են ու ինչ կապեր ունեն: Կանոնները պետք է վերաբերեն բոլորին: Դա ապահովելու միջոցը ակտիվ քաղաքացիական հասարակությունն ու պատասխանատու ու հզոր անկախ լրատվամիջոցներն են:
Վերջին մի քանի ամիսների ընթացքում եղել են որոշ դրական նշաններ ՀՀ կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարն ավելի խորացնելու ուղղությամբ: Մաքսային վարչարարության բարեփոխումներ, գլխավոր դատախազության նախաձեռնությամբ մարզերում անցկացված իրազեկման արշավներ, հակակոռուպցիոն նոր ռազմավարության մշակման վերաբերյալ հանրային խորհրդակցությունները, կառավարության կողմից հակակոռուպցիոն հարցերը հանրությանը ներկայացնելու ավելի ակտիվ աշխատանքներ, ինչպես նաև այդ խնդրի հստակ շեշտադրում նախագահ Սարգսյանի ու վարչապետ Սարգսյանի կողմից որպես գերակայություն. այս ամենը մատնանշում են կոռուպցիայի դեմ պայքարում նշանակալի քայլեր ձեռնարկելու ավելի մեծ պարտավորվածություն:
Ինձ հուսադրում են այս քայլերը: Սակայն ես նաև լսել եմ, որ Հայաստանում շատերը դեռ սպասում են, որպեսզի տեսնեն` արդյոք կառավարությունը իրապես պատրաստ է կոռուպցիոն հանցանքների համար ձերբակալել ու մեղադրանքներ ներկայացնել բարձրաստիճան պաշտոնյաների կամ ազդեցիկ ու կապեր ունեցող գործարարների: Հակակոռուպցիոն արշավը լինելու է արդյո՞ք քաղաքականապես չեզոք և հիմնված օբյեկտիվ օրենքի վրա, թե այն սոսկ գործիք է պատժելու նրանց, ում չեն սիրում` աչք թեքելով այն պաշտոնյաների արարքներից, ովքեր հավատարիմ են իշխող դաշինքին:
Մենք Միացյալ Նահանգներում հպարտ ենք լինել ձեր գործընկերը` կոռուպցիայի դեմ Հայաստանի պայքարին ուղղված աշխատանքներում: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն իր բոլոր աշխատանքներում ներառում է հակակոռուպցիոն տարրեր, բոլոր ոլորտներում` սկսած բուժհաստատություններում ոչ պաշտոնական վճարումները վերացնելու նպատակով համակարգերի ձևավորումից մինչև դատավորների էթիկայի կանոնագրքի մշակում ու պետական հարկային ծառայության թափանցիկության մեծացում: ԱՄՆ արդարադատության դեպարտամենտն ու պետքարտուղարությունը նույնպես համագործակցել են դատաիրավական ոլորտում հակակոռուպցիոն հարցում տեխնիկական խորհրդատվություն ցուցաբերելու նպատակով:
ԱՄՆ կառավարության աջակցության ծրագրերի շրջանակում ակտիվ օժանդակություն է ցուցաբերվում ձեր հակակոռուպցիոն նոր ռազմավարության մշակման աշխատանքներին. սերտ աշխատանք է ընթանում վարչապետի արտաքին կապերի գրասենյակի հետ` հակակոռուպցիոն արտաքին և ներքին տեղեկատվական ռազմավարության շուրջ ու տեղի հասարակական կազմակերպությունների հետ Հայաստանի 11 մարզերում Խորհրդատվության ու աջակցության կենտրոններ ստեղծելու ուղղությամբ: Այս կենտրոնները քաղաքացիներին ու կազմակերպություններին կցուցաբերեն աջակցություն ու իրավական խորհրդատվություն` օգնելու դիմակայել առօրյա կոռուպցիոն դրսևորումներին և քաղաքացիներին հնարավորություն կընձեռեն կողք-կողքի աշխատել կառավարության հետ կրճատելու կոռուպցիան` ընթացակարգային փոփոխություններ կատարելու ու համակարգերի մակարդակով բարեփոխումներ իրականացնելու միջոցով:
Կոռուպցիան այն չէ, որ չարակամ մարդիկ վատ արարքներն են թույլ տալիս: Դա մարդկային էությունից բխող խնդիր է, որն ի հայտ է գալիս, երբ կա այնպիսի զգացում, որ դա իրավունք է, հնարավորություն, կարծիք, որ համարժեք հետևանքներ չեն լինի: Կոռուպցիան դժվարին ու բարդ խնդիր է, բայց մի այնպիսի խնդիր, որ հնարավոր է հաղթահարել մեր համատեղ ջանքերով:
Ես իմ դրվատանքի խոսքերն եմ հղում այստեղ ներկա գտնվողներին, ովքեր նվիրումով լծվել են այս պայքարին: Միացյալ Նահանգների կառավարությունը, ամերիկյան ժողովուրդը հպարտ են, որ օգնում են Ձեզ:
Շնորհակալություն:
|