Embassy Seal
US Department of State
U.S. Embassy in Armenia
  

ԿՐՈՆԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑ 2007

Հայաստան

Սահմանադրությամբ, որը լրամշակվել է 2005թ. դեկտեմբերին, ամրագրված է կրոնի ազատությունը, սակայն օրենսդրությամբ կան որոշ սահմանափակումներ փոքրամասնական կրոնական խմբերի հարողների կրոնական ազատության նկատմամբ, և որոշ սահմանափակումներ գործնականում կիրառվել են: Հայաստանյայց (առաքելական) եկեղեցին, որն ունի ազգային եկեղեցու իրավական կարգավիճակ, օգտվում է մի շարք արտոնություններից, որոնք չեն գործում այլ կրոնական խմբերի համար:

Այս զեկույցում արտացոլված ժամանակահատվածում Կառավարության կողմից կրոնական ազատության նկատմամբ հարգանքի մասով փոփոխություն չի եղել: Որոշ կրոնական հարանվանությունների ներկայացուցիչներ նշում են, որ երբեմն նկատվել են խտրականության դրսևորումներ միջին կամ ցածր օղակի պետական պաշտոնյաների կողմից, սակայն բարձրաստիճան պաշտոնյաները դրսևորել են հանդուրժողականություն: Եհովայի վկաների կողմից եղել են հաղորդումներ, որ այլընտրանքային զինվորական ծառայությունից խուսափելու համար դատավորները իրենց դատապարտել են ազատազրկման ավելի երկար ժամկետով, քան նախկինում, սակայն պատիժն այնուամենայնիվ եղել է օրենքով նախատեսված պատժի սահմաններում:

Հասարակության վերաբերմունքը որոշ փոքրամասնական կրոնական խմբերի նկատմամբ եղել է հակասական, և եղել են հաղորդումներ հասարակության կողմից իրենց անդամների դեմ խտրականության դրսևորման վերաբերյալ:

Կրոնական ազատության հարցը ԱՄՆ կառավարությունը քննարկում է Կառավարության հետ` մարդու իրավունքների ապահովման քաղաքականության համատեքստում:

Մաս I. Կրոնական ժողովրդագրությունը

Երկրի ընդհանուր տարածքը կազմում է 29 հազար քառակուսի կիլոմետր, իսկ բնակչությունը` 3 միլիոն:

Բնակչության շուրջ 98 տոկոսը կազմում են էթնիկ հայերը: Խորհրդային ժամանակաշրջանում իրականացված քաղաքականության արդյունքում ակտիվ հավատացյալները համեմատաբար փոքր թիվ են կազմում. սակայն ամուր է կապը ազգային ինքնության ու Հայաստանյայց եկեղեցու միջև: Երկրի բնակչության մոտ 90 տոկոսը անվանականորեն հարում են Հայաստանյայց եկեղեցուն, որն անկախ արևելյան քրիստոնեական հարանվանություն է, որի հոգևոր կենտրոնը գտնվում է Սբ. Էջմիածնի մայր տաճարում: Եկեղեցու առաջնորդն է կաթողիկոս Գարեգին II-ը:

Կան այլ կրոնական խմբերի հարող փոքր համայնքներ: Կրոնական փոքրամասնությունների ճշգրիտ հաշվառման տվյալներ չկան, իսկ ծխական համայնքների ներկայացուցիչների կողմից ներկայացվող հաշվարկներն էլ նշանակալիորեն տարբերվում են միմյանցից: Կաթոլիկ եկեղեցու ` այդ թվում Հռոմի պապի հետևորդ և Հայկական Մխիթարյան միաբանության կաթոլիկների թիվը հասնում է 120.000-ի: Եհովայի վկաների տվյալներով իրենց հետևորդները կազմում են 9.000 հոգի: Խմբերը, որոնք կազմում են բնակչության 5 տոկոսից պակաս մասը, ներառում են եզդիներ` էթնիկ քրդական մշակութային խումբ, որի կրոնում ներառված են զորոաստրիանիզմի, իսլամի և անիմիզմի տարրեր, չմասնավորեցված «խարիզմատիկ» քրիստոնյաներ, հայկական ավետարանչական եկեղեցի, մոլոկաններ` ազգությամբ ռուս, խաղաղասեր քրիստոնյա կրոնական խումբ, որն անջատվել է ռուսական ուղղափառ եկեղեցուց 17-րդ դարում, բապտիստներ, Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի (մորմոններ), ուղղափառ քրիստոնյաներ, յոթերորդ օրվա ադվենտիստներ, հիսունականներ, հրեաներ և բահայականներ: Փոքրամասնական կրոնական խմբերի անդամության մակարդակները գրեթե փոփոխության չեն ենթարկվել: Աթեիստների թվի վերաբերյալ տվյալներ չկան:

Եզդիները հիմնականում կենտրոնացված են Արագած լեռանը հարող գյուղական բնակավայրերում` մայրաքաղաք Երևանից դեպի հյուսիս-արևմուտք: Հայ կաթոլիկները հիմնականում բնակվում են հյուսիսային շրջաններում, մինչդեռ հրեաները, մորմոնները, բահայականներն ու ուղղափառ քրիստոնյաները հիմնականում բնակվում են Երևանում: Երևանում կա նաև փոքր մահմեդական համայնք` կազմված քրդերից, պարսիկներից և այստեղ միջին արևելքից եկած ժամանակավոր բնակվողներից:

Երկրում ակտիվ են օտարերկրյա միսիոներական խմբերը:

Մաս II. Կրոնական ազատության կարգավիճակը

Իրավական քաղաքական դաշտ

Սահմանադրությամբ, որը լրամշակվել է 2005թ.-ին, ամրագրվում է կրոնանական ազատությունը և կրոնական հավատքը դավանելու, ընտրելու կամ փոխելու իրավունքը: Այն ճանաչում է «Հայաստանյայց եկեղեցու` որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»: Օրենսդրությամբ սակայն նախատեսվում են որոշ սահմանափակումներ Հայաստանյայց եկեղեցուց զատ որևէ այլ կրոնական խմբերի հարողների կրոնական ազատության նկատմամբ: Խղճի ազատության մասին օրենքով սահմանվում է եկեղեցու և պետության տարանջատումը, սակայն Հայաստանյայց եկեղեցուն շնորհվում է ազգային եկեղեցու պաշտոնական կարգավիճակ:

Կառավարության և Հայաստանյայց եկեղեցու միջև երկարատև բանակցությունների արդյունքում 2000թ. ձևավորվեց համակարգ, որի շրջանակում երկու կողմերը պետք է բանակցեին համաձայնագիր կնքելու համար: Բանակցությունների արդյունքում 2007թ. մարտի 14-ին ստորագրվեց օրենք, որը կարգավորում է եկեղեցու դերը:

Օրենքով սահմանվում է եկեղեցական խոստովանության գաղտնիությունը, ճանաչվում են եկեղեցու կողմից գրանցված ամուսնությունները և սահմանվում է, որ պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցիների պահպանությունը իրականացվում է պետության ու եկեղեցու համատեղ ջանքերով: Օրենքը եկեղեցու համար հարկային արտոնություններ չի սահմանում, ոչ էլ նախատեսում է պետական ֆինանսավորում եկեղեցու համար: Օրենքը պաշտոնապես ճանաչում է այն դերը, որ եկեղեցին փաստացի ունի հասարակության համար, քանզի քաղաքացիների մեծ մասը եկեղեցին համարում են ազգային ինքնության, պատմության ու մշակութային ժառանգության անբաժանելի մաս: Հունվարի 6-ը, այն օրը, որ Հայաստանյայց եկեղեցին նշում Սուրբ Ծնունդը, ազգային տոն է:

Oրենսդրությամբ հասարակական կազմակերպությունների, այդ թվում և կրոնական կազմակերպությունների գրանցումը պարտադիր չէ, սակայն միայն գրանցված կազմակերպություններն են, որ ստանում են իրավաբանական անձի կարգավիճակ: Միայն գրանցված խմբերն են, որ կարող են հրատարակել թերթեր ու ամսագրեր, վարձակալել տարածք ժողովների համար, հեռարձակել հաղորդումներ ռադիոյով կամ հեռուստատեսությամբ, կամ պաշտոնապես հովանավորել իրենց այցելուների համար վիզաների ստացումը, սակայն անհատների համար այս հարցերում որևէ արգելք չկա: Չեն եղել հաղորդումներ այն մասին, որ կառավարությունը մերժի օրենսդրությամբ նախատեսված գրանցման պայմանները բավարարող որևէ կրոնական խմբի գրանցումը: Գրանցման պայմաններին բավարարելու համար կրոնական կազմակերպությունները պետք է «զերծ լինեն նյութապաշտությունից և ուղղված լինեն դեպի զուտ հոգևոր ոլորտներն» ու առաջնորդվեն «պատմականորեն կանոնացված որևէ սուրբ գրքի» սկզբունքներով: Կրոնական կազմակերպությունների գրանցումն իրականացվում է Պետական ռեգիստրում: Ազգային փոքրամասնությունների ու կրոնի հարցերի վարչությունը հետևում է կրոնական հարցերը և կատարում է փորձագիտական դեր գրանցման գործընթացում: Կրոնական կազմակերպության գրանցման նախապայման է հանդիսանում 200-ից ոչ պակաս չափահաս անդամներ ունենալը: Այս զեկույցի ժամանակաշրջանի ավարտին գրանցված կազմակերպությունների թիվը կազմում էր 63, որոնց մի մասը հանդիսանում են միևնույն հարանվանության առանձին ուղղություններ:

Համաձայն ազգային փոքրամասնությունների ու կրոնի հարցերի վարչությանը,որոշ փոքրամասնական կրոնական խմբեր, ներառյալ մոլոկաններն ու որոշ եզդիական խմբեր, գրանցվելու ցանկություն չեն հայտնել:  Չնայած Երևանում գտնվող 18-րդ դարի միակ մզկիթը պաշտոնապես գրանցված կրոնական կառույց չէ` այն բաց է և ցանկացողները ուրբաթ օրերին կարող են կանոնավոր մասնակցել աղոթքներին: Կառավարությունը որևէ խոչընդոտ չի ստեղծում այնտեղ աղոթելու ցանկություն ունեցող մահմեդականների համար:

Կրթության մասին օրենքով սահմանվում է, որ հանրակրթական դպրոցներում ուսուցումը աշխարհիկ է, սակայն կրոնական ուսուցումը դպրոցներում չի արգելվում: Հանրակրթական դպրոցներում կարող են դասավանդել միայն Կառավարության կողմից արտոնված և վերապատրաստում անցած մասնագետները: Կրոնի պատմությունը ներառված է հանրակրթական առարկայացանկում և դասավանդվում է մանկավարժ-ուսուցիչների կողմից: Առարկայական ծրագրի հիմքում Հայաստանյայց եկեղեցու պատմությունն է. բազմաթիվ դպրոցներում տարրական դասարաններում դասավանդում են համաշխարհային կրոնների մասին, իսկ միջին դասարաններում` Հայաստանյայց եկեղեցու պատմություն: Կրոնական խմբերը չեն կարող դպրոցներում կրոնական դասեր վարել, սակայն գրանցված խմբերը դա կարող են անել մասնավոր տներում իրենց անդամների երեխաների համար: Հանրակրթական դպրոցների շենքերը կրոնական «քարոզչության» համար օգտագործելն անօրինական է:

Այլընտրանքային զինվորական ծառայության մասին օրենքը թույլ է տալիս դավանական նկատառումներով զինվորական ծառայությունից խուսափող անձանց պետական հանձնաժողովի թույլտվությամբ մարտական զինվորական ծառայության փոխարեն անցնել ոչ-մարտական զինվորական կամ քաղաքացիական ծառայություն: Օրենքը գործողության մեջ մտավ 2004թ. և տարածվում էր հետագա զորակոչիկների ու զորակոչից խուսափելու համար բանտում հայտնված անձանց վրա: Օրենքում կատարված փոփոխությամբ, որը գործողության մեջ մտավ 2006թ. հունվարին այլընտրանքային աշխատանքային ծառայությունից խուսափելը որակվեց որպես քրեորեն պատժելի արարք: Սակայն դավանական նկատառումներով զինվորական ծառայությունից խուսափող երիտասարդները պնդում են , որ զինվորական հսկողության ներքո ընթացող այլընտրանքային աշխատանքային ծառայությունը վերածվում է անընդունելի զինվորական ծառայության:

Յուրաքանչյուր զինվորական դիվիզիա ունի զինվորական քահանա Հայաստանյայց եկեղեցուց, իսկ այլ կրոնական խմբերը զինվորական քահանաների դասում ներկայացված չեն: Հայաստանյայց եկեղեցին ունի բանտերի հոգևոր ծրագիր, բայց բոլոր բանտերում մշտական ներկայացուցիչներ չունի: Հայ ավետարանչական եկեղեցին քահանաներ ունի 7 քրեակատարողական հիմնարկներում:

Այս զեկույցի ժամանակաշրջանում Մարդու իրավունքների պաշտպանը` օմբուդսմենը և Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետը հանդիպումներ են ունեցել կրոնական փոքրամասնական կազմակերպությունների հետ:

Կրոնական ազատության սահմանափակումներ

Օրենսդրությամբ կան որոշ սահմանափակումներ փոքրամասնական կրոնական խմբերի հարողների կրոնական ազատության նկատմամբ, և որոշ սահմանափակումներ գործնականում կիրառվել են:

Խղճի ազատության մասին օրենքով արգելվում է «հոգեորսությունը», բայց օրենքն այն չի սահմանում: Հոգեորսության արգելքը վերաբերում է բոլոր խմբերին, այդ թվում և Հայաստանյայց եկեղեցուն: Հաշվետու ժամանակաշրջանում գրանցված կրոնական կազմակերպությունների կողմից հիմնականում չեն հնչել դժգոհություններ իրենց գործունեության ճանապարհին ի հայտ եկած լուրջ իրավական խոչընդոտների մասին:

Չնայած օրենսդրությամբ արգելում է արտերկրում հոգևոր կենտրոններ ունեցող եկեղեցիների արտաքին ֆինանսավորումը` Կառավարությունը չի կիրառել այս դրույթը և կարծում է, որ այն կիրառման ենթակա չէ:

Հաշվետու ժամանակահատվածում Եհովայի վկաներից ու ադվենտիստներից ստացվել են հաղորդումներ, որ ստորին օղակի պետական պաշտոնյաներն իրենց թույլ չեն տվել կրոնական հավաքների համար օգտվել հասարակական վայրերից: Այնուհանդերձ, Եհովայի վկաները նշում են, որ ընդհանուր առմամբ ազատ հավաքներ անցկացնելու հետ կապված խնդիրներ չեն եղել ու հավաքների ժամանակ ոտնձգություններ ոստիկանության կամ այլ պետական կառույցների կողմից չեն եղել:

Հաշվետու ժամանակահատվածի ավարտին դեռ կարգավորված չէր Եհովայի վկաների կրոնական գրականության ներկրման հետ կապված մի մաքսային խնդիր: 2007թ. մարտի 29-ին մաքսային պաշտոնյաները վերագնահատել էին Եհովայի վկաներին առաքված կրոնական գրականության արժեքը շատ ավելի բարձր գնով, քան վերջիններս ակնկալում էին, ու արդյունքում ապրանքաքանակի մաքսազերծման հետ կապված ֆինանսական դժվարություններ էին առաջացել: Մաքսային պաշտոնյաները հավաստիացնում էին, որ վերագնահատումը կատարվել է համաձայն մաքսային օրենսդրության:

Հաշվետու ժամանակահատվածի ավարտին Զինկոմիսարիատը դավանական նկատառումներով զինվորական ծառայությունից խուսափած և իրենց պատիժը կրած ու բանտարկությունից ազատ արձակված Եհովայի վկաների մեծ մասին տվել է (անձնագիր ստանալու համար պահանջվող) գրանցման վկայականներ, այն բանից հետո, երբ Եհովայի վկաները բողոքել են որոշ բարձրաստիճան պաշտոնյաների:

Կրոնական ազատության չարաշահումներ

Երևանում Եհովայի վկաների առաջնորդների հաղորդման համաձայն հաշվետու ժամանակահատվածի ավարտին դավանական նկատառումներից զինվորական ծառայությունից ու այլընտրանքային աշխատանքային ծառայությունից խուսափած իրենց 69 անդամներ դեռ մնում էին բանտում: Եվս 2 անդամներ սպասում էին դատավարությանը: Եհովայի վկաների ներկայացուցիչները փաստել են, որ բանտում գտնվողներին առաջարկվել է այլընտրանքային զինվորական ծառայություն բանտարկության փոխարեն, սակայն նրանք հրաժարվել են, քանի որ այլընտրանքային ծառայության նկատմամբ վարչական հսկողությունը իրականացվում է զինվորականների կողմից:

Եհովայի վկաները դժգոհում են, որ դատարանները հաշվետու ժամանակահատվածում ավելի խիստ պատժաչափեր են կիրառել այլընտրանքային աշխատանքային ծառայությունից խուսափողների հանդեպ: Հաշվետու ժամանակահատվածում դատապարտված Եհովայի վկաների 48 անդամներից 24-ը դատապարտվել է 30 ամսվա ազատազրկման, իսկ 5-ը` 36 ամսվա ազատազրկման, որն օրենքով սահմանված առավելագույն պատժաչափն է: Հաշվետու ժամանակահատվածում դատապարտված մնացած 19 հոգուց 15-ը դատապարտվել են 22-27 ամսվա ազատազրկման, իսկ 4-ը` 18 ամսվա ազատազրկման: Նախորդ հաշվետու ժամանակահատվածում դատապարտված 36 հոգուց միայն 1-ն է դատապարտվել 30 ամսվա ազատազրկման, իսկ 36-ամսյա պատժաչափ ոչ մեկին չի նշանակվել. մեծամասնությունը դատապարտվել է 18 կամ 24 ամսվա ազատազրկման:

Ի տարբերություն նախորդ հաշվետու ժամանակահատվածի` չեն եղել հաղորդումներ առ այն, որ փոքրամասնական խմբերի անդամ հանդիսացող նորակոչիկների նկատմամբ բանակում հալածանքներն առավել վառ են դրսևորվում: Եզդիների նեկայացուցիչները հայտնել են, որ ոտնձգություններ ու խտրականություն չի եղել:

Այս զեկույցի ժամանակահատվածում պաշտոնապես հովանավորվող բռնության դեպքեր ընդդեմ կրոնական փոքրամասնությունների չեն գրանցվել: Կրոնական հողի վրա կալանավորված և բանտարկված մարդիկ, բացառությամբ Եհովայի վկաների զորակոչից խուսափող հետևորդների, երկրում չկան:

Հարկադիր կրոնափոխություն

Հարկադիր կրոնափոխության դեպքեր չեն գրանցվել, այդ թվում և ԱՄՆ անչափահաս քաղաքացիների շրջանում, որոնց առևանգել կամ ապօրինի հեռացրել են Միացյալ Նահանգներից. չեն եղել նաև այնպիսի դեպքեր, երբ այդ քաղաքացիներին թույլ չի տրվել վերադառնալ Միացյալ Նահանգներ:

Բարելավումներ ու դրական տեղաշարժեր կրոնական ազատության ասպարեզում

Եհովայի վկաների 19 հետևորդներ, որոնք սկսել, ապա հեռացել են այլընտրանքային զինվորական ծառայությունից արդարացվել են ու 2006թ. սեպտեմբերի 12-ի ՀՀ Գլխավոր դատախազի որոշմամբ կասեցվել է նրանց նկատմամբ հարուցված քրեական գործերի վարույթը: Նրանց ներկայացված էին դասալքության ու անհարգելի բացակայության մեղադրանքներ: Արդարացման պահին 19 հոգուց 7-ը գտնվում էին նախնական կալանքի տակ կամ ստորագրել էին փաստաթուղթ մինչև դատավարությունը երկրից չբացակայելու վերաբերյալ, իսկ մնացածները դատապարտված էին 2-3 տարվա ազատազրկման ու արդեն 5-9 ամիս պատիժ էին կրել:

2006թ. հոկտեմբերի 27-ին Երևանում հոլոքոստի հուշարձանը, որը տարեսկզբին անբացատրելի հանգամանքներում պղծվել էր, փոխարինվեց նոր հուշարձանով` ի հիշատակ թե հրեաների, թե հայերի, ովքեր «նողկալի ոճիրների» զոհ էին դարձել: Այս հուշակոթողը, ի նշան հարգանքի ու ազգային կարեկցանքի, կառուցվեց միջազգային դոնորների, հրեական համայնքի, հայկական սփյուռքի կազմակերպությունների ու կառավարության համատեղ ջանքերով:

Մաս III. Հասարակական չարաշահումներ ու խտրականություն

Հասարակության վերաբերմունքը փոքրամասնական կրոնների նկատմամբ հակասական է: Շատերը հավատացյալներ չեն, սակայն ազգային ինքնության և Հայաստանյայց եկեղեցու կապը ամուր է:

Որոշ դիտորդներ հայտնում են, որ հասարակությունը բացասական է տրամադրված Եհովայի վկաների նկատմամբ, քանի որ վերջիններս հրաժարվում են զինվորական ծառայությունից, ծավալում են քարոզչություն, որն այնքան էլ հասկանալի չէ, և բացի այդ, կա նաև լայն տարածված, բայց անհիմն կարծիք, որ նրանք ծայրահեղ աղքատներին փող են տալիս հավատափոխ անելու նպատակով: Եհովայի վկաները շարունակել են մնալ որպես Հայաստանյայց եկեղեցու կղերականների թշնամական քարոզչության թիրախ ու նրանց նկատմամբ ժամանակ առ ժամանակ դրսևորվել է խտրականություն հասարակության կողմից: Ի տարբերություն նախորդ հաշվետու ժամանակահատվածի` լրատվամիջոցները չեն հրապարակել Եհովայի վկաների կողմից անօրինական հոգեորսություն իրականացնելու վերաբերյալ իբրև թե քաղաքացիներից ստացված բողոքներ:

2007թ. հունիսի 1-ին Եհովայի վկաների երկու անդամներ Լուսառատ գյուղի կենտրոնական հրապարակում մի կնոջ հետ Աստվածաշունչը քննարկելիս արժանացել են այդտեղով անցնող Հայաստանյայց եկեղեցու քահանայի լուտանքներին ու ենթարկվել հարձակման վերջինիս կողմից: Մինչ Եհովայի վկաները պատրաստ էին հարձակման մեղադրանքը ետ վերցնել, եթե քահանան ներողություն խնդրեր, դա տեղի չունեցավ: Ոստիկանությունն ապացույցների բացակայության հիմքով փակեց գործը, երբ քահանան հերքեց այդ միջադեպը:

Եհովայի վկաների երկու անդամներ բողոք են ներկայացրել տեղի ոստիկանությանը այն բանից հետո, երբ 2007թ. ապրիլի 15-ին հասարակական քարոզչության ժամանակ մի մարդ սպառնացել էր նրանց ատրճանակով: Ոստիկանությունը հետաքննություն չսկսեց` դա հիմնավորելով ապացույցների բացակայությամբ:

Հաշվետու ժամանակահատվածի ավարտին Եհովայի վկաների մի անդամ ետ է վերցրել իր վրա հարձակում գործած աշխատանքային գործընկերոջ դեմ իր բողոքը: Ոստիկանությունն այս առնչությամբ որևէ քայլ չէր ձեռնակել: 2007թ. մարտի 29-ին աշխատանքային գործընկերը փորձել էր աշխատանքի վայրում խեղդել նրան այն բանից հետո, երբ իմացել էր, որ վերջինս անդամակցում է Եհովայի վկաներին:

Այս խմբից նաև հաղորդում է եղել այն մասին, որ 2006թ. օգոստոսի 21-ին Հայաստանյայց եկեղեցու քահանան հարձակում է գործել Եհովայի վկաների երկու իգական սեռի ներկայացուցիչ անդամների վրա: Ըստ խմբի հաղորդման կանանցից մեկի թևը կոտրվել է: Ոստիկանությունը հրաժարվել է հետաքննություն սկսել մասամբ այն պատճառով, որ քահանան զղջացել է իր արարքի համար, և կանայք չէին կարող բողոքարկել որոշումը:

Առանձին դեպքեր են եղել, երբ մամուլի ներկայացուցիչները կասկածանք են սերմանել ոչ-ավանդական կրոնական կազմակերպությունների վերաբերյալ: 2007թ. փետրվարի 14-ին «Պանորամա»  առցանց լրատուն ընթերցողներից մեկի էլեկտրոնային հաղորդագրության հիման վրա հրապարակել է մի հոդված, որով մի  շարք հայտնի հայ երգիչներ ու մի հեռուստահաղորդավար մեղադրվում էին «կրոնական աղանդների հարելու» համար: 2007թ. փետրվարի 13-ին Ա1+ առցանց լրատուն մի հոդված էր տպագրել, որտեղ զգուշացնում էր ընթերցողներին «աղանդավորական կազմակերպությունների» կողմից բաժանվող «կեղծ Աստվածաշնչերի» մասին:

Զեկույցի ժամանակահատվածում հրեական համայնքի կողմից չեն եղել հաղորդումներ իրենց հասցեին բանավոր ոտնձգությունների մասին: 2006 թ. գարնանն ու աշնանը Երևան քաղաքի կենտրոնում կրպակների ու շինհրապարակները երիզող պատերի վրա կային ներկով պատկերված անհայտ ծագման կեռախաչեր, որոնք ուղեկցվում էին «Ոչ արաբներին», «Sieg Heil» և «Ռուսներ դուրս մեր երկրից» բառերով. այս խորհրդանիշները կարծես թե արտահայտում էին ընդհանուր օտարամերժությունը:

Մաս IV. ԱՄՆ կառավարության քաղաքականությունը

Կրոնական ազատության հարցը ԱՄՆ կառավարությունը քննարկում է Կառավարության հետ` մարդու իրավունքների ապահովման քաղաքականության համատեքստում: Այս քննարկումների ընթացքում ԱՄՆ կառավարությունը շեշտել է, որ Հազարամյակի մարտահրավեր ծրագրով նախատեսվող 235 մլն դոլար (մոտ 79 միլիարդ ՀՀ դրամ) աջակցության պայմաններին շարունակաբար բավարարելը պայմանավորված է արդարացի կառավարման ցուցանիշների ուղղությամբ Կառավարության գործունեությամբ, որը նաև ներառում է կրոնական ազատության նկատմամբ հարգանքը: ԱՄՆ դեսպանության պաշտոնյաները մշտապես կապ են պահպանել Էջմիածնի Կաթողիկոսի հետ և երկրի այլ կրոնական խմբերի հետ: Դեսպանությունը կանոնավոր կապ է պահպանել այլ երկրներում կենտրոններ ունեցող կրոնական խմբերի տեղի ու կարճաժամկետ այցեր կատարող տարածաշրջանային ներկայացուցիչների հետ, մասնավորապես` մորմոնների, Եհովայի վկաների և բահայականների ներկայացուցիչների հետ և, անհրաժեշտության դեպքում, նրանց հուզող հարցերը բարձրացրել Կառավարության առջև: Դեսպանության պաշտոնյաներն ուշադիր հետևել են կրոնական ազատությանն առնչվող դատավարությունների ընթացքին և ակտիվորեն մասնակցել են կրոնական ազատությանը վերաբերող համաժողովներին և հասարակական կազմակերպությունների քննարկումներին:

Տեղի փոքրամասնական կրոնական խմբերի առաջնորդները կանոնավոր հրավիրվել են դեսպանության միջոցառումներին:

 

  
— KEY EMBASSY LINKS —

— U.S. Government Reports —

— Other Information —

American Corners' Logo
Get Free Adobe Reader

This website contains PDF documents. To read them, Get Adobe Reader!


Embassy of the United States