ՀԱՅԱՍՏԱՆ. ԽՈՒՄԲ 2 - ՀԱՏՈՒԿ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՑՈՒՑԱԿ
Հայաստանը հանդիսանում է կանանց ու աղջիկների սեռական շահագործման նպատակով իրականացվող թրաֆիկինգի (մարդկանց առևտրի) խոշոր սկզբնաղբյուր` հիմնականում դեպի Միացյալ Արաբական Էմիրություններ (ՄԱԷ) և Թուրքիա, որոշ չափով նաև տարանցիկ ու վերջնակետ երկիր: Թրաֆիկինգ իրականացնողները, որոնց մեծ մասը կանայք են, զոհերին ուղղակիորեն կամ Մոսկվայով հասցնում են Դուբայ: Թրաֆիկինգ իրականացնողները Թուրքիա զոհերին տեղափոխում են ավտոբուսով` անցնելով Վրաստանի տարածքով: Ըստ հաղորդումների հայաստանյան զոհերի միջոցով թրաֆիկինգից ստացվող շահույթը նախորդ տարվա համեմատ կտրուկ աճել է:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի ապահովում թրաֆիկինգի վերացմանն ուղղված նվազագույն ստանդարտները, չնայած նշանակալի աշխատանքներ է կատարում դրանց կենսագործման նպատակով: Արդեն երկրորդ տարին է, ինչ Հայաստանը տեղ է գտնում երկրների դասակարգման սանդղակի երկրորդ խմբի հատուկ վերահսկման ցուցակում, ինչը փաստում է, որ վերջին տարվա ընթացքում երկիրն այս ասպարեզում, մասնավորապես` հարկադրման, թրաֆիկինգի հետ կապված կոռուպցիայի ու զոհերի պաշտպանության հարցերում իր աշխատանքներն աշխուժացնելու վերաբերյալ բավարար ապացույցներ չի կարողացել ապահովել: Չնայած օրենսդրության հակաթրաֆիկինգային դրույթի կիրառման դեպքերի ավելացմանը` կառավարությունը դատապարտված թրաֆիկինգ իրականացնողների նկատմամբ չի կիրառել նշանակալի պատիժներ: Կառավարությունը լրջորեն չի հետաքննել թրաֆիկինգում պետական պաշտոնյաների հանցակցության մասին շարունակական ու հնչեղություն ստացած մեղադրանքները ու չի իրականացրել քրեական հետապնդում: Զոհերի պաշտպանությանն ուղղված աշխատանքները դեռ գտնվում են վաղ և ձևավորման փուլերում: ՀՀ պաշտոնյաների, հատկապես դատական համակարգի պաշտոնյաների շրջանում շարունակում է խնդրահարույց մնալ զոհերի նկատմամբ մեղադրական ու աննրբանկատ վերաբերմունքը:
ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ 2005թ. ընթացքում ՀՀ կառավարությունն առավել հաճախակի է մեղադրանքներ առաջադրել 2003թ. ընդունված հակաթրաֆիկինգային հոդվածի հատկանիշներով (Հոդված 132 ), որն արգելում է մարդկանց առևտուրը (թրաֆիկինգը) աշխատանքային ու սեռական շահագործման նպատակով: Այնուհանդերձ, բազմաթիվ դատարաններ մեղադրյալներին չեն դատապարտել 132 հոդվածի հատկանիշներով ու նվազեցրել են պատժի չափը` դատապարտելով ավելի մեղմ, մանավորապես` կավատության հոդվածի հատկանիշներով: 2005թ. թրաֆիկինգի գործերից կեսից ավելիի նկատմամբ Կառավարությունը շարունակել է քրեական օրենսգրքի այլ հոդվածներ կիրառել: Հաշվետու ժամանակահատվածում Կառավարությունը հետաքննել է թրաֆիկինգի 30 գործ, որի արդյունքում 14 գործով իրականացվել է քրեական հետապնդում ու 17 հոգի դատապարտվել են: Չնայած 132 հոդվածով նախատեսվում է պատժի ավելի երկար ժամանակահատված` նշանակված պատիժները շարունակում են մնալ ոչ բավարար ու նմանատիպ այլ ծանր հանցանքների համար Հայաստանում նախատեսված պատժաչափերին ոչ համարժեք: Հաշվետու ժամանակաշրջանում դատապարտվածներից շատ քչերն են փաստացի ազատազրկվել, մյուս մեղավորները կամ պայմանականորեն ազատ են արձակվել կամ էլ նրանց համար սահմանվել է պատիժ ուղղիչ աշխատանքների կամ տուգանքի տեսքով: Հասարակության վստահության բացակայությունն ու պաշտոնյաների հասցեին հնչող հանցակցության մեղադրանքները շարունակել են ստվեր նետել կառավարության կողմից ձեռնարկվող հակաթրաֆիկինգային աշխատանքների վրա: 2006թ. փետրվարին Կառավարությունը հատուկ աշխատանքային խումբ ձևավորեց, որը հետաքննելու էր Գլխավոր դատախազության հակաթրաֆիկինգային բաժնի պաշտոնյաներից մեկի հասցեին հնչող մեղադրանքները: Մակերեսային հետաքննությունից հետո այս խումբը եզրակացրեց, որ հանցակցությունը հիմնավորող ապացույցներ չկան: Կառավարությունը դատախազների ու դատավորների համար չի կազմակերպել ուսուցում հակաթրաֆիկինգային օրենսդրության վերաբերյալ, սակայն ոստիկանությունը ստացել է թրաֆիկինգի դեպքերի քննության մեթոդների մասին գործնական ուղեցույց:
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ Թրաֆիկինգի զոհերի պաշտպանության ու նրանց աջակցություն ցուցաբերելու հարցում ՀՀ կառավարությունը շարունակել է հիմնվել միջազգային կազմակերպությունների ու հասարակական կազմակերպությունների կատարած աշխատանքի վրա. հասարակական այս խմբերը իրենց գոհունակությունն են հայտնել կառավարության պաշտոնյաների հետ իրենց լավ համագործակցության վերաբերյալ: Ըստ հաղորդումների 2005թ. ընթացքում զոհերի աջակցության ծրագրերը կացարան են ապահովվել թրաֆիկինգի 16 զոհերի համար, որոնց մեծամասնությունն այդ ծրագրերին դիմել են ՀՀ պաշտոնյաների առաջարկով: Հիշատակման արժանի է այն, որ ոստիկանության նախաձեռնությամբ հասարակական կազմակերպությունները հրավիրվել են հարցազրույց ունենալու թրաֆիկինգի չորս կասկածյալ զոհերի հետ` նրանց որպես զոհ ճանաչելու համար: Իրավապահ մարմինների պաշտոնյաների շրջանում զոհի ճանաչման ու ուղեգրման պաշտոնական մեխանիզմները դեռ մշակված ու ներդրված չեն: Դատական ատյաններում շարունակվում է բացասական վերաբերմունքը թրաֆիկինգի զոհերի նկատմամբ, ինչը մեծացնում է այն հավանականությունը, որ ապագայում զոհերը չեն կամենա թրաֆիկինգ իրականացնողների դեմ ցուցմունք տալ:
ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ 2005թ. թրաֆիկինգ երևույթի առկայությունը Հայաստանում պաշտոնապես ընդունելու ասպարեզում բարելավում է գրանցվել, ու ՀՀ կառավարությունը ձեռնամուխ է եղել 2004թ. հունվարին ընդունված Գործողությունների ազգային ծրագրի իրականացմանը: Պետական պաշտոնյաները հրապարակային ելույթներ են ունեցել`օգնելու թրաֆիկինգի վերաբերյալ հանրության իրազեկությունը մեծացնելուն: Թրաֆիկինգի շուրջ հանրության իրազեկությունը մեծացնելու հարցում Կառավարությունն աշխատել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ: Միգրացիայի ու փախստականների վարչությունը թրաֆիկինգի մասին ինֆորմացիան ներառել է իրազեկման իր աշխատանքներում, որոնց շրջանակում գրքույկներ են բաժանվել ու այցեր են կատարվել Հայաստանի գյուղական բնակավայրեր: Միգրացիայի ու փախստականների վարչությունը նաև մշակել է աշխատանքային միգրացիան կարգավորող օրենքի նախագիծ, որով նախատեսվում է, որ արտերկրում աշխատելու համար մարդիկ հավաքագրող զբաղվածության ընկերությունները պետք է անցնեն լիցենզավորում: Կառավարությունը շարունակել է մանկատների կարիքավոր սաների բնակարանային ապահովման ծրագիրը:
|