Տեղեկություններ անչափահաս երեխաների համար
Հայրության ճանաչում
Գրանցված ամուսնությունից դուրս ծնված անչափահաս երեխաները պետք է ներկայացնեն հայրությունը հաստատող հայրության ճանաչման վկայական:
Համաձայնություն
Միացյալ Նահանգներ մշտական բնակության մեկնող անչափահաս երեխաները դրա համար պետք է ունենան երկու ծնողների թույլտվությունը: Այն դեպքերում, երբ երեխայի ծնողները ամուսնալուծված են, երեխային չուղեկցող ծնողները պետք է պատրաստեն նոտարական վավերացումով և վավերացված թարգմանությունով հայտարարություն այն մասին, որ իրենք դեմ չեն իրենց երեխայի` Միացյալ Նահանգներ մշտական բնակության մեկնելուն: Համաձայնություն չի պահանջվում, եթե երեխային ուղեկցող ծնողը ներկայացնում է միայնակ մոր տեղեկանք կամ դատարանի կողմից մյուս ծնողին անհայտ բացակայող ճանաչելու մասին որոշում, որով հաստատվում է, որ երկրորդ ծնողի գտնվելու վայրը հայտնի չէ: Վերը նշված բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացնել պատճենների և վավերացված թարգմանությունների հետ միասին:
Օրինական խնամակալներ
Անչափահաս այն երեխաները, ում երկու ծնողները գտնվում են արտերկրում, կամ ովքեր իրենց ծնողների խնամքի տակ չեն գտնվում, ներգաղթային մուտքի արտոնագրի համար պետք է դիմեն իրենց օրինական ներկայացուցչի հետ, ով իրավականորեն լիազորված է գործել իրենց անունից: Ծնողները կարող են լիազորագիր տալ իրենց կողմից վստահված անձին, կամ համապատասխան պետական մարմինը կարող է խնամակալ նշանակել, ով ներգաղթային մուտքի արտոնագրի դիմումի գործընթացի շրջանակներում կգործի երեխաների անունից: Այս դեպքերում, բոլոր փաստաթղթերի բնօրինակները, պատճեններն ու վավերացված թարգմանությունները պետք է ներկայացնել հյուպատոսական բաժնին:
Օգնություն առանց մեծահասակի ուղեկցության ճանապարհորդող անչափահասներին
Ավիաընկերություններն ունեն հատուկ ծրագրեր, որոնք օգնում են անչափահասներին թռիչքի ընթացքում ու ճանապարհին ինքնաթիռ փոխելու ժամանակ: Ամեն մի ավիաընկերություն ունի առանձին ծրագիր, ուստի խորհուրդ ենք տալիս մանրամասները, հատկապես, եթե ճանապարհին ինքնաթիռ փոխելու հարց կա, պարզել այդ ընկերություններից` զանգելով կամ այցելելով նրանց ինտերնետային կայքերը: Սովորաբար, առանց մեծահասակի ուղեկցության ճանապարհորդող անչափահասների սպասարկման ծառայություններն առաջարկվում են 5-13 տարեկաններին: Ծառայության համար սովորաբար պահանջվում է վճարել: Շատ ավիաընկերություններ պահանջում են, որ նախապես տրամադրվեն որոշակի տեղեկություններ` այդ նպատակով սահմանված ձևաթղթի միջոցով: Ավիաընկերությունները կարող են պահանջել երեխային ճանապարհողի կամ դիմավորողի տվյալները (օրինակ` անձնագրի տվյալներ, հասցե, հեռախոսահամարներ):
Առանց մեծահասակի ուղեկցության ճանապարհորդող անչափահասների հետ կապված ծրագրերի մասին ավիաընկերությունների կայքերում տեղեկությունները փնտրեք «Տեղեկություններ. թռիչք երեխայի հետ» ("Information – flying with children") կամ «Տեղեկություններ. հատուկ ուղևորներ» ("Information – special passengers") ենթավերնագրերի ներքո:
|