Կորած կամ ժամկետանց “Գրին քարտ” (I-551 օտարերկրացու գրանցման քարտ)
Հայաստանում հյուպատոսական բաժինը չի կարող Ձեզ տրամադրել նոր գրին քարտ, եթե դուք այն կորցրել եք կամ ժամկետը լրացել է: Նոր գրին քարտ ստանալու կամ ժամկետը երկարաձգելու համար դուք պետք է վերադառնաք ԱՄՆ և դիմեք ԱՄՆՆՔԾ-ին նոր գրին քարտի համար` լրացնելով I-90 ձևը: Կախված այն փաստից, թե ինչքան ժամանակ եք բացակայել ԱՄՆ-ից, հյուպատոսական բաժինը ԱՄՆ վերադառնալու համար կարող է Ձեզ տրամադրել այսպես կոչված “Վերադարձը արտոնող նամակ”, որի հետ կապված մանրամասները ներկայացվում են ստորև:
Եթե ԱՄՆ-ից բացակայելու ժամանակահատվածը մեկ տարուց պակաս է
Եթե ԱՄՆ-ից բացակայելու ժամանակահատվածը մեկ տարուց պակաս է, ապա դուք կարող եք վերադարձը արտոնող նամակով ետ վերադառնալ ԱՄՆ: Այդ նամակի համար դուք պետք է ամերիկյան քաղաքացիների սպասարկման ժամերին (երկուշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 13:30 – 16:30) այցելեք հյուպատոսական բաժին և նամակի տրամադրման համար ներկայացնեք դիմում: Դիմումը ներկայացնելիս անհրաժեշտ է, որ ունենաք վավեր անձնագիր և ԱՄՆ-ից Ձեր մեկնման փաստը հաստատող որևէ ապացույց. օրինակ` ինքնաթիռի նստեցման կտրոն: Եթե Ձեր գրին քարտը գողացել են կամ այն կորցրել եք, ապա պետք է ունենաք նաև քարտի կորստյան մասին ոստիկանությանը տրված հայտարարության պատճեն: Վերադարձը արտոնող նամակի համար հյուպատոսական բաժնում վճարվում է 165 ԱՄՆ դոլար վերադարձման ոչ ենթակա գումար: Վերադարձը արտոնող նամակի դիմումը քննության առնվում և հաստատվում է Մոսկվայում (ՌԴ) գտնվող ԱՄՆՆՔԾ գրասենյակում: Հաստատման համար պահանջվում է 1-ից 2 շաբաթ ժամանակ, բայց որոշ դեպքերում կարող է ավելի երկար ժամանակ պահանջվել, ուստի նախքան դիմումի հաստատումը ուղևորություն պլանավորել խորհուրդ չի տրվում: Դիմումը հաստատելուց հետո Ձեզնից կպահանջվի 3 հատ անձնագրի լուսանկար (5սմ X 5սմ), որպեսզի տրամադրվի վերադարձը արտոնող նամակ:
Եթե ԱՄՆ-ից բացակայելու ժամանակահատվածը մեկ տարուց ավել է
Եթե ԱՄՆ-ից բացակայելու ժամանակահատվածը մեկ տարուց ավել է, դուք պետք է դիմեք վերադարձող մշտական բնակչի մուտքի արտոնագրի համար, որպեսզի նախ պարզվի, թե Ձեր օրինական կարգավիճակն ԱՄՆ-ում դեռ պահպանվում է, թե ոչ: Դուք կարող եք գալ հյուպատոսական բաժին ամերիկյան քաղաքացիների սպասարկման ժամերին (երկուշաբթի ուրբաթ օրերին ժամը 13:30 – 16:30) և լրացնենք վերադարձող մշտական բնակչի կարգավիճակը ճշտելու մասին “DS-117 Application to Determine Returning Resident Status” դիմումը: Այս դիմումը ներկայացնելիս հյուպատոսական բաժնում պետք է վճարեք 400 ԱՄՆ դոլար վերադարձման ոչ ենթակա գումար: Դիմումը ներկայացնելուց հետո հյուպատոսական բաժինը կպարզի, թե արդյոք Ձեր մշտական օրինական բնակչի կարգավիճակը ԱՄՆ-ում պահպանվում է, թե ոչ: Եթե վերադարձող մշտական բնակչի մուտքի արտոնագրի պահանջներին բավարարում եք, ապա պետք է վճարեք 400 ԱՄՆ դոլար գումար մուտքի ներգաղթային արտոնագրի տրամադրման համար, որպեսզի Ձեր մուտքի ներգաղթային արտոնագիրը վերաթողարկվի և դուք վերադառնաք ԱՄՆ:
Փախստականների փաստաթղթեր
Նկատի ունեցեք, որ Երևանում հյուպատոսական բաժինը փախստականների կորած կամ ժամկետանց վերադարձը արտոնող փաստաթղթերը չի վերականգնում: Եթե դուք փախստական եք և կորցրել եք վերադարձը արտոնող նամակը կամ այն արդեն ժամկետանց է, ապա հյուպատոսական բաժինը Ձեզ կտրամադրի Հռոմում (Իտալիա) ԱՄՆՆՔԾ-ի կենտրոնի տվյալները, որտեղից էլ Ձեզ կտրամադրեն նոր փաստաթղթեր: Հռոմի կենտրոնի տվյալները ստանալու համար այցելեք դեսպանատուն ամերիկյան քաղաքացիների սպասարկման ժամերին կամ հարցում ուղարկեք ACSYerevan@state.gov հասցեով:
|