Մուտքի ներգաղթային արտոնագրերի հետ կապված ծառայություններ
Ընդհանուր տեղեկություններ
Երևանում ամերիկյան դեսպանատան հյուպատոսական բաժինը մուտքի ներգաղթային արտոնագրերի գործընթացը Հայաստանի քաղաքացիների համար իրականացնում է սկսած 2006թ. փետրվարից:
Ի՞նչ է մուտքի ներգաղթային արտոնագիրը:
Մուտքի ներգաղթային արտոնագիրը դա այլ երկրներում գտնվող հյուպատոսական պաշտոնյայի կողմից տրվող փաստաթուղթ է, որը թույլ է տալիս Ձեզ մեկնել Միացյալ Նահանգներ և դիմել, որպեսզի Ձեզ ընդունեն, որպես օրինական մշտական բնակիչ: Վերջնական որոշումը` ընդունել Ձեզ, որպես օրինական մշտական բնակիչ, թե ոչ, կայացնում է ԱՄՆ ազգային անվտանգության դեպարտամենտի մաքսային և սահմանապահ ծառայության ներգաղթային պաշտոնյան: Երբ Ձեզ ընդունում են, որպես օրինական մշտական բնակիչ, դուք Միացյալ Նահանգներում մշտապես ապրելու և աշխատելու իրավունք եք ձեռք բերում: Սովորաբար, ԱՄՆ ազգային անվտանգության դեպարտամենտի ներգաղթի և քաղաքացիության ծառայությունը (ԱՄՆՆՔԾ) Ձեր մուտքից հետո երեք ամսվա ընթացքում փոստով ուղարկում է Ձեր օրինական մշտական բնակչի քարտը, հայտնի է նաև “Գրին քարտ” անունով, Միացյալ Նահանգներում Ձեր նոր հասցեով:
Որո՞նք են այն հիմնական ուղիները, որոնց միջոցով հնարավոր է ստանալ մուտքի ներգաղթային արտոնագիր:
Կան երեք հիմնական ուղիներ մուտքի ներգաղթային արտոնագիր ձեռք բերելու համար. 1) ԱՄՆ քաղաքացու կամ օրինական մշտական բնակչի հետ ընտանեկան կապի միջոցով, կամ 2) աշխատանքի միջոցով, կամ 3) բազմազանության արտոնագրերի ծրագրի միջոցով (գրին քարտի վիճակախաղ): Հայաստանում դիմորդների մեծամասնությունը իրենց մուտքի ներգաղթային արտոնագրերը ձեռք են բերում ընտանեկան կապի և բազմազանության արտոնագրերի ծրագրի միջոցով:
Ընտանեկան կամ աշխատանքային հիմքով մուտքի ներգաղթային արտոնագրեր ստանալու գործընթացը սկսվում է Միացյալ Նահանգներում` Ձեր ԱՄՆ քաղաքացի կամ օրինական մշտական բնակիչ հանդիսացող ազգականի կամ գործատուի կողմից ԱՄՆ ներգաղթի և քաղաքացիության ծառայությանը միջնորդագիր ներկայացնելով: Սովորաբար Ձեր ազգականը կամ հնարավոր գործատուն փոստով պետք է ուղարկի միջնորդագիրը ԱՄՆ-ում իր բնակության նկատմամբ իրավասություն ունեցող ԱՄՆ ներգաղթի և քաղաքացիության ծառայության կենտրոն: Ձեր ազգականի կամ հնարավոր գործատուի կողմից միջնորդագիրը տալուց հետո Դուք կարող եք ստուգել դրա կարգավիճակը` այցելելով ԱՄՆՆՔԾ գործի կարգավիճակի փնտրում էջը և մուտքագրելով Ձեր միջնորդագրի ստացման համարը: Երբ միջնորդագիրը հաստատվի, միջնորդագիր տվողը և Դուք, ում համար տրվել է միջնորդագիրը, փոստով կստանաք հաստատման ծանուցագիր (ձև I-797, գործողության ծանուցագիր), որտեղ նշված կլինի, որ Ձեր գործը հետագա գործընթացի համար ուղարկվում է պետդեպարտամենտի` վիզաների ազգային կենտրոն (ՎԱԿ): Վիզաների ազգային կենտրոնը կապ կհաստատի միջնորդագիր տվողի հետ և կտեղեկացնի պահանջվող ֆինանսական և այլ լրացուցիչ փաստաթղթերի մասին: Այս գործընթացը ավարտելուց հետո վիզաների ազգային կենտրոնը վերջնական գործընթացի և մուտքի ներգաղթային արտոնագրի հարցազրույցի համար, որն անցկացնում է ԱՄՆ հյուպատոսական պաշտոնյան, գործի էլեկտրոնային և փաստաթղթային տարբերակները ուղարկում է արտերկրում գտնվող հյուպատոսարաններ:
Բազմազանության արտոնագիր ստանալու գործընթացը սկսվում է բազմազանության արտոնագրի վիճակախաղին մասնակցելու միջոցով, որը սովորաբար տեղի է ունենում տարվա վերջին քառորդում: Վիճակախաղի հաղթողները (վիճակահանությամբ ընտրվածները) տեղեկացվում են նամակով` մասնակցությանը հաջորդող տարվա ապրիլ-հուլիս ամիսների ընթացքում, որից հետո սկսում են պատրաստել իրենց գործերը` ԱՄՆ-ում գտնվող Քենտուկիի հյուպատոսական կենտրոն ուղարկելով այնտեղից ստացված ու համապատասխան կերպով պատրաստված փաստաթղթերը: Երբ այստեղի գործընթացն ավարտվում է, վիճակախաղի հաղթողները նամակով տեղեկացվում են հյուպատոսական բաժնում իրենց հարցազրույցի օրվա և հարցազրույցի ժամանակ ներկայացնելու համար պահանջվող լրացուցիչ փաստաթղթերի մասին: Քանի որ բազմազանության արտոնագրի վիճակախաղը տարեկան ծրագիր է, ԱՄՆ ներգաղթելու համար մասնակիցները պետք է ավարտեն իրենց դիմումները տալու և մուտքի արտոնագրերը ստանալու ամբողջ գործընթացը մինչև այդ ծրագրային տարվա սեպտեմբերի 30-ը, հակառակ դեպքում նրանց` շահումով ձեռք բերած հնարավորությունը չեղյալ է համարվում: Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք նայել “Բազմազանության արտոնագրեր” էջը:
Թողարկված արտոնագրերը կարելի է ստանալ հյուպատոսական բաժնից երկուշաբթի օրերին, ժամը 16:30: YY տեսակի արտոնագրեր ստացողները պետք է ներկայանան հյուպատոսարան չորեքշաբթի օրերին, ժամը 16:30:
|