Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻՑ ՄԵԿՆԵԼԻՍ ՄՈՌԱՑԵԼ ԵՔ ՀԱՆՁՆԵԼ ՁԵՐ I-94 ԿԱՄ I-94W ՔԱՐՏԵՐԸ
I-94 ձևը սպիտակ կամ կանաչ գույն (I-94W-ի դեպքում) ունեցող փաստաթուղթ է, որ Միացյալ Նահանգներ ժամանողներին է տրամադրվում Մաքսային ու սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից: Այն սովորաբար բաժանվում է ինքնաթիռում կամ էլ այն կարող եք ձեռք բերել օդանավակայանում` Միացյալ Նահանգներ ժամանելուն պես: Յուրաքանչյուր օտարերկրացի պետք է նախքան Ներգաղթային ծառայության անցակետով անցնելը լրացնի այս ձևը:
Մաքսային ու սահմանապահ ծառայության Ձեզ ընդունող աշխատակիցն այն ամրակցում է Ձեր անձնագրին ու այնտեղ դրոշմակնիք դնում` նշելով այն օրը մինչև երբ կարող եք մնալ Միացյալ Նահանգներում կամ, այլ կերպ ասած, այն օրը, երբ մեկնելու եք Միացյալ Նահանգներից: Դուք Միացյալ Նահանգներից պետք է մեկնեք նշված ժամկետից ոչ ուշ, իսկ երկրից դուրս գալիս I-94 ձևը պետք է հանձնեք: I-94 քարտը սովորաբար Ձեր անձնագրից հանում են մեկնման ժամանակ չվերթի գրանցումն իրականացնող աշխատակիցները (բայց միշտ չէ որ այդպես է, ուստի անպայման ստուգեք դա): Եթե այդ ձևը չեք հանձնում, Ձեր մեկնումը Միացյալ Նահանգներից չի գրանցվում և հաջորդ անգամ Միացյալ Նահանգներ գնալու ցանկություն ունենալու դեպքում Ձեր գործը ցույց կտա ժամկետից երկար մնալու հանգամանք, որը կարող է պատճառ դառնալ երկիր մուտքի թույլտվությունը մերժելու համար:
Եթե Միացյալ Նահանգներից մեկնելիս I-94 ձևը չեք հանձնել, ապա այն փոստով ուղարկեք` կցելով այնպիսի փաստաթղթերի պատճեններ, որոնք կարող են հաստատել Միացյալ Նահնագներից Ձեր մեկնելու փաստը:
Այդպիսի փաստաթղթեր են.
- Ինքնաթիռի նստեցման կտրոնը, որ դուք օգտագործել եք ԱՄՆ-ից մեկնելիս,
- Ձեր անձնագրի մուտքի ու ելքի կնիքներ պարունակող էջերի պատճենները, որոնք ցույց են տալիս, որ ԱՄՆ-ից մեկնելով դուք մուտք եք գործել մեկ այլ երկիր (պետք է ներառել անձնագրի բոլոր տեղեկություններ պարունակող էջերի պատճենները, այդ թվում` կենսորոշիչ տվյալներով ու լուսանկարով էջը):
- Ամսաթվի նշումով վճարումների ստացականներ Ձեր գործատուից` ցույց տալու, որ Միացյալ Նահանգներից մեկնելուց հետո դուք գտնվել եք այլ երկրում:
- Ամսաթվի նշումով բանկային փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս այնպիսի գործարքներ, որոնք հավաստում են, որ Միացյալ Նահանգներից մեկնելուց հետո դուք գտնվել եք այլ երկրում:
- Միացյալ Նահանգներից դուրս դպրոց/բուհ հաճախելու հանագամանքը հաստատող դպրոցի/բուհի տեղեկանքներ, որոնք հավաստում են, որ Միացյալ Նահանգներից մեկնելուց հետո դուք գտնվել եք այլ երկրում:
- Ամսաթվի նշումով կրեդիտային քարտի ստացականներ, որոնց վրա երևում է Ձեր անունը (սակայն քարտի համարը խնդրում ենք ջնջել) և որոնք հաստատում են, որ Միացյալ Նահանգներից մեկնելուց հետո եղել եք այլ երկրում և այնտեղ գնումներ եք կատարել:
Ձեր I-94 ձևը և հիմնավորող փաստաթղթերը ուղարկեք հետևյալ հասցեով.
ACS-INS SBU P.O. Box 7125 London, KY 40742-7125 USA
Եթե ուզում եք վստահ լինել, որ Ձեր մենկումը գրանցվել է, սպասեք չորս ամիս, ապա ուղարկեք նամակ հետևյալ հասցեով.
U.S. Customs and Border Protection Air Sea Passenger Operations Room 5.4D1300 Pennsylvania Ave. Washington D.C. 20229
Նամակում անհրաժեշտ է ներառել հետևյալ տեղեկությունները. նշեք Ձեր հարցը (այսինքն` գրանցվել է արդյոք Ձեր մեկնումը Միացյալ Նահանգներից), անուն-ազգանունը, ծննդյան ամիսը/օրը/տարին, անձնագրի համարն ու մեկնելու ամսաթիվը:
|