Փետրվար 2009թ.
Հարց. Վերջերս Երևանում ավարտել եմ համալսարան և շահել եմ «գրին քարտի» վիճակախաղում: Ինձ ուղարկված հրավերքում ասվում է, որ հարցազրույցի ժամանակ ներկայացնեմ ֆինանսական որոշակի փաստաթղթեր: «Գրին քարտի» խաղարկային վիզա ստանալու համար ի՞նչ կարգի ֆինանսական փաստաթղթեր են պահանջվում:
Խաղարկային վիզայի հարցազրույցի ժամանակ անհրաժեշտ է հյուպատոսական պաշտոնյաներին ապացուցել, որ Միացյալ Նահանգներում Դուք ֆինանսապես ի վիճակի կլինեք պահպանել Ձեր գոյությունը: Կախված Ձեր իրավիճակից` Դուք կարող եք դա անել բանկային ավանդների, աշխատանքի առաջարկության, վաճառքի ենթակա գույքի կամ Միացյալ Նահանգներում հովանավորի միջոցով: Եթե ներկայացված փաստերը բավականաչափ համոզիչ չեն հյուպատոսական պաշտոնյայի համար, նա կարող է խնդրել, որպեսզի Միացյալ Նահանգներում հովանավոր գտնեք, որը կցանկանա երկիր ժամանելուց հետո սկզբնական շրջանում ֆինանսապես օգնել Ձեզ: Սա արվում է հյուպատոսական պաշտոնյայի հայեցողությամբ և կախված է առանձին գործից: Այս որոշումը կայացվում է միայն վիզայի հարցազրույցի ընթացքում:
Եթե Դուք ինքներդ կասկածներ ունեք Ձեր ֆինանսական կարգավիճակի կամ Միացյալ Նահանգներում սկզբնական ծախսերը հոգալու վերաբերյալ, ապա հավանաբար պետք է դիտարկեք հովանավոր գտնելու հանգամանքը:
Խաղարկային ծրագրով «Գրին քարտի» համար դիմողի ֆինանսական աջակցության հավաստագրի I-134 Affidavit of Support ձևը կարելի է գտնել www.uscis.gov կայքի "Immigration Forms" վերնագրի տակ:
Հարց. Հաջորդ շաբաթ ես ստանալու եմ իմ ներգաղթային վիզան` Միացյալ Նահանգներում գտնվող ամուսնուս մոտ մեկնելու համար: Միացյալ Նահանգներ ներգաղթելուց առաջ Հայաստանում գրանցումից դուրս գալու կարիք կա՞:
2008թ. հոկտեմբերին ՀՀ օրենքում կատարված փոփոխություններից հետո` Հայաստանում ՕՎԻՐ-ի գրանցումից դուրս գալը Հայաստանից մշտապես մեկնող անձանց համար այլևս պարտադիր չէ: ՕՎԻՐ-ում գրանցումից դուրս գալու գործընթացն այժմ ամբողջովին կամավոր է: Հետագայում ՀՀ բանակում ծառայելու ենթակա տղաներ ունեցող ընտանիքները կարող են նախընտրել գրանցումից դուրս գալ ՕՎԻՐ-ում: Ցանկալի է, որպեսզի յուրաքանչյուր դիմող ճշտի անմիջապես ՕՎԻՐ-ի հետ, թե գրանցումից դուրս գալ պետք է, թե՞ ոչ:
Հարց. Իմ նորածին երեխայի հայրը ԱՄՆ քաղաքացի է, սակայն նա Հայաստանում չէ: Ինչպե՞ս կարող եմ իմ երեխայի համար ծննդյան վկայական ստանալ, որում նշված լինի, որ նա ԱՄՆ քաղաքացի է:
Այլ երկրում ծնված ամերիկյան քաղաքացիներին հյուպատոսական բաժնի կողմից տրամադրվում է արտերկրում երեխայի ծննդյան գրանցման վկայական: Ձեր երեխայի անունից Դուք կարող եք դիմել այդ վկայականի համար: Վկայականի համար դիմելիս` Դուք և երեխայի հայրը պետք է ներկայացնեք հիմնավորող փաստաթղթեր առ այն, որ հայրը կարող է իր քաղաքացիությունը փոխանցել երեխային: Քաղաքացիությունը փոխանցելու համար ծնողը պետք է ներկայացնի փաստաթղթեր, որոնք փաստում են ԱՄՆ-ում 5 տարի ֆիզիկապես գտնվելու փաստը, ընդ որում, այդ 5 տարուց երկուսը պետք է լինեն 14 տարին լրանալուց հետո: Բացի այդ, պետք են նաև հիմքեր, որ երեխայի կենսաբանական ծնողը ԱՄՆ քաղաքացի է: Արտերկրում երեխայի ծննդյան գրանցման վկայականի համար Դուք կարող եք հյուպատոսական բաժին այցելել երկուշաբթի-ուրբաթ օրերին, ժամը` 13.30-16.30: Վկայականի ստացման հայտ ներկայացնելիս հյուպատոսական բաժնում հարկավոր է վճարել 65 ԱՄՆ դոլար:
|